Home / Տեսանյութեր / Մտահոգություններ ունի, բայց հավանություն կտա․ Սարգսյանը՝ սահմանադրական փոփոխությունների մասին

Մտահոգություններ ունի, բայց հավանություն կտա․ Սարգսյանը՝ սահմանադրական փոփոխությունների մասին

Հայաստանի համար սահմանադրական բարեփոխումներն իսկապես կարևոր են և դրանք կարող են իրականացվել միայն լայն քաղաքական կոնսոլիդացիայի պայմաններում: Այս մասին այսօր ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Սերժ Սարգսյանը։

ՀՀ նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Սարգսյանը նշել է, որ կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու վերաբերյալ մասնագիտական հանձնաժողովի փաստարկներն ու հիմնավորումները ծանրակշիռ են:

«Միևնույն ժամանակ քաղաքական ուժերի հետ անցկացված կոնսուլտացիաները ցույց են տալիս, որ այս հարցում չկան և օբյեկտիվորեն չեն էլ կարող լինել միանշանակ համընկնող մոտեցումներ. կան կառավարման խորհրդարանական համակարգին թե՛ կողմ, և թե՛ դեմ արտահայտվողներ, կան նաև ուժեր, որոնք վերջնական կողմնորոշում ունենալու համար կարևորում են իրենց մասնակցությունն այս գործընթացին, և այսպիսի ուժերը շատ ավելի մեծաթիվ են:

Այդուհանդերձ, պետք է անկեղծ լինեմ և ասեմ, որ կառավարման գործող համակարգի օգտին նախկինում իմ արտահայտած դիրքորոշման հիմքում ընկած օբյեկտիվ նախադրյալները էապես չեն փոխվել: Ես դեռ ունեմ մտահոգություններ, որոնք կապված են կառավարման համակարգի փոփոխության վերաբերյալ ձեր մասնագիտական մոտեցման հետ: Եթե ավելի կոնկրետ լինեմ, ես դեռևս լավ չեմ պատկերացնում, թե առաջարկվող մոդելն ինչպես է անվերապահորեն երաշխավորելու երկու կարևորագույն բաղադրիչ՝ երկրի արտաքին և ներքին անվտանգությունը և կառավարման համակարգի կայունությունը, ինչն, իմ կարծիքով, ապահովված է կառավարման գործող մոդելի պայմաններում: Պատահական չէ, որ հայեցակարգում դուք ևս մտահոգություն եք հայտնել խորհրդարանական կառավարման համակարգի կայունության վերաբերյալ և առաջարկել այդ խնդրի լուծման նախնական մոտեցումներ: Բնականաբար, հաշվի առնելով հայեցակարգի օբյեկտիվորեն ակնկալվող ընդհանրության աստիճանը, այդ լուծումները չէին կարող խիստ մանրակրկիտ և լիարժեք լինել:

Այս ամենով հանդերձ, ես քաղաքական հավանություն կտամ հայեցակարգին, որովհետև համոզված եմ, որ պարտավոր ենք օգտագործել մեր պետության համար դրական զարգացում ապահովող ցանկացած հնարավորություն: Առավել ևս, որ իմ հանդիպումների ժամանակ քաղաքական որևէ ուժ առարկություն չի ունեցել հայեցակարգի հաստատման վերաբերյալ: Միաժամանակ խնդրում եմ ձեզ նախագծել սահմանադրական այնպիսի կարգավորումներ, որոնք աներկբա կերաշխավորեն կառավարման ավելի ժողովրդավարական մոդելի ներդաշնակ համատեղումը պետության անվտանգության և կայունության հետ», ֊ ասել է Սերժ Սարգսյանը:

Նա նշել է, որ, սահմանադրական փոփոխությունների տեքստը պատրաստելիս անհրաժեշտ է համարում նաև մշակել քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ մասնագիտական քննարկումներն ապահովող արդյունավետ ձևաչափ: Սարգսյանը կարևորել է, որպեսզի նախագծի մշակման բոլոր փուլերում հետադարձ կապի սկզբունքով քննարկումներ լինեն քաղաքական ուժերից յուրաքանչյուրի հետ:

Նշենք, որ երեկ Սերժ Սարգսյանը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանդիպումներ է ունեցել 7 քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ՝ ՀՅԴ, Միավորված աշխատանքային կուսակցություն, «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր», «Ժառանգություն», «Հայոց համազգային շարժում», «Ազատ դեմոկրատներ»։

Սարգսյանը չի հանդիպել «Հայ ազգային կոնգրես» կուսակցության ներկայացուցիչների հետ։ ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ֊ական Հերմինե Նաղդալյանն ասել է, որ ՀԱԿ֊ը սահմանադրական փոփոխությունների ՀԱԿ-ը քննարկման եզր չի տեսնում։ «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Զարուհի Փոստանջյանը, իր հերթին, նշել է, որ Սերժ Սարգսյանի հետ հանդիպած «Ժառանգության» ներկայացուցիչներ Արմեն Մարտիրոսյանը և Ռուբիկ Հակոբյանը նման լիազորություն չեն ունեցել, և հնարավոր է՝ կքննարկվի նրանց կուսակցությունից դուրս թողնելու հարցը։