Home / Հայաստան / Սերժ Սարգսյանի հետ հանդիպած 7 ուժերը պատրաստ են քննարկել սահմանադրական փոփոխությունները․ Նաղդալյան

Սերժ Սարգսյանի հետ հանդիպած 7 ուժերը պատրաստ են քննարկել սահմանադրական փոփոխությունները․ Նաղդալյան

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ երեկ հանդիպած բոլոր 7 կուսակցությունների ներկայացուցիչները համաձայնել են մասնակցել սահմանադրական բարեփոխումների շուրջ քննարկումներին։ Այս մասին երեկ Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո հայտարարել է Ազգային Ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը։

Նշենք, որ երեկ Սերժ Սարգսյանի հետ հանդիպել են ՀՅԴ֊ի, Միավորված աշխատանքային կուսակցության, «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր», «Ժառանգություն», «Հայոց համազգային շարժում», «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների ներկայացուցիչների հետ՝ սահմանադրական փոփոխությունները նրանց հետ քննարկելու համար։

«Փորձել են որոշակի առաջարկներ, թերևս առաջարկներ, որոնք կարող են անգամ պայմանների կամ նախապայմանների տպավորություն, ձև թողնել։ Փորձել են նման ընթացք տալ կամ նման ընթացքով շարունակել զրույցը, բայց, այնուամենայնիվ, բոլոր հանդիպումները եկել են այն եզրակացությանը, որ իսկապես այս քննարկումները կարևոր են, և դրանց պետք է մասնակցել», – ասել է Հերմինե Նաղդալյանը։

Չնայած մասնակցության հրավերը կուսակցություններն ընդունել են, բայց նրանց առաջարկները իրականացնելու մասով հստակ պայմանավորվածություն չկա։ Նաղդալյանն ասել է, որ դրանց անդրադառնալու համար դեռ ժամանակ ունեն։

Խորհրդարանական ուժերից Սերժ Սարգսյանի հետ հանդիպման հրավեր չէր ստացել միայն Հայ ազգային կոնգրեսը։ Նաղդալյանը նշել է, որ նրանց հետ քննարկումն անիմաստ է, քանի որ ՀԱԿ-ը քննարկման եզր չի տեսնում։

«Մենք որևէ մեկին չենք մեկուսացրել, մենք պարզապես արձագանքում ենք այդ ոչ կոնստրուկտիվ դիրքորոշմանը, որը իրենք ունեն։ Ես դրա իմաստը չեմ տեսնում բացարձակապես [ՀԱԿ-ի հետ քննարկման], իրենք արտահայտել են, թե ինչպես են այդ քննարկմանը վերաբերում, մենք ինչ ասենք», – ասել է ՀՀԿ֊ականը։

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում