Home / Մարզեր / Աղավնաձորցիներին խոստացան լուծել պարտքերի խնդիրը՝ երեխաներին դպրոց ուղարկելու պայմանով

Աղավնաձորցիներին խոստացան լուծել պարտքերի խնդիրը՝ երեխաներին դպրոց ուղարկելու պայմանով

Վայոց ձորի Աղավնաձոր գյուղի խաղողագործներին «Վեդի Ալկո» գինու գործարանի սեփականատեր Մանվել Ղազարյանը և մարզպետ Հարություն Սարգսյանը խոստացել են 15 օրվա ընթացքում լուծել անցած տարի մթերված խաղողի դիմաց չստացած գումարների հարցը։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է գյուղի բնակիչ, խաղողագործ Կոստան Ստեփանյանը։ Գործարարն ու մարզպետը գյուղացիներին հանդիպել են նրանից հետո, երբ այսօր աղավնաձորցիները բողոքի ակցիա են կազմակերպել՝ իրենց երեխաներին չուղարկելով դպրոց։

Խաղողագործի խոսքով՝ մարզպետը բնակիչներին հորդորել է աշակերտներին վաղն անպայման դասի ուղարկել։

«Մենք դեռ չենք հավատում նրանց խոստումներին, այնքան ժամանակ չենք ուղարկի երեխաներին դպրոց, մինչև մեր խնդիրը չլուծվի», – ասել է Ստեփանյանը։

Նա նշել է, որ այժմ պատրաստվում են հանդիպել գյուղապետ, իշխող կուսակցության անդամ Աշոտ Գալստյանին՝ մարզպետի և գործարանի սեփականատիրոջ առաջարկներին ավելի մանրամասն ծանոթանալու համար։

Tert.am֊ի հետ զրույցում Մանվել Ղազարյանն ասել է, որ հյուս ունի, թե կկարողանա վճարել 140 միլիոն դրամի հասնող պարտքը, բայց, միևնույն ժամանակ, հստակ ժամկետներ չի նշել․ «Ես հույսեր, ակնկալիքներ ունեմ, բայց հստակ խոսք տալ, որ ինչ-որ ժամանակում կվճարեմ, չեմ կարող: Հույսեր ունեմ, որ կկարողանամ վճարել: Ծրագրեր կան, որ ամեն օր կարող են իրագործվել, անընդհատ աշխատում ենք տարբեր ծրագրերի վրա: Բոլորն էլ գիտեն, որ երկրում, աշխարհում ճգնաժամ է ու շարունակվում է արդեն մի քանի տարի: Մեր երկրում գնողունակությունն ընկել է, սպառման ծավալները պակասել են, նախկինում մթերած խաղողի գինին մնացել է, չենք կարողացել իրացնել ու հիմա էլ անցյալ տարվա բերքի առատությանը, որ բերքը չմնա փչանա, մեզ համոզեցին, խնդրեցին, որ մթերենք»։

Նշենք, որ Epress.am֊ի հետ զրույցում գյուղի բնակիչներն ասել են, որ իրենք մեղավոր են համարում ոչ միայն ընկերությունը, այլ նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանին, ով անցած տարի խոստացել էր լուծել խաղողի մթերման և վճարների խնդիրը, սակայն խոստմանը հետամուտ չէր եղել։

Գյուղացիներից մեկի խոսքով՝ հարևան Ռինդ գյուղում մթերման խնդիր չի առաջանում, քանի որ «Հովիկ Աբրահամյանն այնտեղ խաղողի այգիներ ունի և այդ այգիների, և՛ գյուղի այլ բնակիչների բերքը գործարանները մթերում են, իսկ աղավնաձորցիներինը՝ ոչ»։

Աղավանձորցիների բողոքի ակցիայի մասին՝ տեսանյութում․