Home / Մարզեր / Վարչապետի խոստումը խաղողագործներին պարտքի տակ է գցել

Վարչապետի խոստումը խաղողագործներին պարտքի տակ է գցել

Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղի խաղողագործներին «Վեդի Ալկո» գինու գործարանը նախորդ տարի մթերված խաղողի դիմաց պարտք է ընդհանուր առմամբ 140 միլիոն դրամ: Ի նշան բողոքի՝ աղավնաձորցիները որոշել են իրենց երեխաներին վաղվանից սկսած դպրոց չուղարկել: Բնակիչների բողոքը ոչ այնքան գործարանի դեմ է, որքան «սուտ խոստումներ» տված վարչապետ Հովիկ Աբրահամյանի:

Նախորդ տարի՝ խաղողի մթերման ժամանակ, վարչապետ Հովիկ Աբրահամյանը խաղողագործներին խոստացել էր՝ բոլորի խաղողն էլ կմթերվի և գումարը կվճարվի: Այս մասին Աղավնաձոր այցելած Epress.am֊ի թղթակցի հետ զրույցում ասել է համայնքի բնակիչ, խաղողագործ Հայկազ Ասատրյանը։

«Ասաց՝ ոչ մի խաղող գետնին չի մնա: Էն ժամանակ համոզեցին՝ «Վեդի Ալկոն» մեր խաղողը վերցնի: Ընդ որում՝ շատ էժան գնով: Շուկայական գինը՝ 220-230 դրամ էր, մենք հանձնել ենք 120 դրամով: Էն ժամանակ էլ գործարանը ասել էր՝ չի կարող վճարել, բայց Կառավարությունից, բան ստիպեցին, վերցրեց մեր խաղողը: Ընկերությանը պետք է վարկեր տրամադրվեր, բայց քանի որ ուրիշ տեղ էլ վարկեր ունեին, նոր վարկ չտվեցին ու իրանք էլ տենց մեր փողը չեն տվել», – պատմել է Ասատրյանը, որին «Վեդի Ալկոն» պարտք է 2 միլիոն 300 հազար դրամ:

Խաղողագործի խոսքով՝ մեկ ու կես ամիս առաջ Հովիկ Աբրահամյանը Եղեգանձորում հանդիպել է իրենց հետ և խոստացել, որ հարցին դրական լուծում կտա. «Վարչապետն ամեն անգամ խաբել է, էսօր կլինի, վաղը կլինի ու էդպես էլ չեն տվել»։

Ասատրյանի խոսքով՝ օգոստոսի 8-ին բնակիչները որոշել էին փակել Երևան-Մեղրի միջպետական ճանապարհը՝ ի նշան բողոքի:

«Երկու միլիցա եկան մեր տուն, մեկն էլ քրեականի պետն էր, ասացին՝ տենց բան մի արեք, համոզեցին, չփակեցինք: Դե մենք էլ ասում ենք՝ սա ռազմավարական ճանապարհ է, Արցախ տանող ճանապարհն է, ասացինք, մի բան լինի, կասեն՝ աղավնաձորցիներն են մեղավոր: Մի անգամ էն ժամանակ փակել էինք, վարչապետն էլ ասել էր՝ փակում եք, որ ի՞նչ անեք, բա ո՞ր մի կին հանկարծ էդ ճանապարհին ծծնդաբերի», ֊ նշել է խաղողագործը:

Խաղողի մթերման խնդիրը, համայնքի բնակիչների խոսքով, հին արմատներ ունի. մի քանի տարի առաջ «Վեդի Ալկո» գործարանը և մի շարք այլ գործարաններ 90 տարի ժամկետով, չնչին գումարով՝ տարեկան մոտ 10 հազար դրամով, վարձակալել են Աղավնաձորի հողերը և խաղողի այգիներ են տնկել. «Էն ժամանակ ասում էին, ձեր խաղողը կվերցնենք, բայց հիմա մենակ իրենց խաղողն են օգտագոծում: Գյուղացին մնացել է շիվար»:

Աղավնաձորի բնակիչների մոտ 80 տոկոսը գործարանից չստացած գումարների պատճառով հայտնվել է սոցիալապես ծայրահեղ ծանր վիճակում. «Գյուղի մեծ մասը վարկերի տակ ճռռում է, մի հոգի էլ՝ անցած տարի էդ գումարը չունենալու պատճառով կախվել էր, տղաս էլ՝ տնից, տեղից կտրվել է, որ գումար բերի, պարտքերը տանք», – ասել է Ասատրյանը:

Խաղողագործներից մեկի՝ Մաթևոս Թովմասյանի գործն էլ դատարան է հասել։ Նա վարկ էր վերցրել՝ հույս ունենալով, որ խաղողից ստացած գումարով կարող է վարկը մարել, սակայն այն չմարելու պատճառով գործը ուղարկվել է դատարան:

Այսօր Ասատրյանի տանը հավաքվել էին գյուղի խաղողագործների մի մասը՝ վաղվա անելիքները որոշելու: Հավաքվածներից մեկը՝ դպրոցի ծնողական կոմիտեի նախագահ Սվետա Արևշատյանը, նշել է, որ դպրոցից զանգել են իրեն և պահանջել, որ ծնողներին համոզի, որ աշակերտներին դպրոց ուղարկեն:

Գյուղացիների խոսքով՝ այժմ համայնքի խանութներից էլ պարտքով ապրանք չեն կարողանում վերցնել։

«Էսօրվա դրությամբ իմ խանութին պարտք են 2,5 միլիոն դրամ, էդ մի թաղը մենակ: Էն ժամանակ պարտքով ապրանք էին վերցնում, ասում՝ հոկտեմբերին կտանք, բայց դե որ գործարանը իրենց փողերը չի տալիս, իրենք էլ մինչև հիմա իմ պարտքերը չեն տալիս: Խանութս համարյա կիսադատարկ է: Մարդ կա 230 հազար դրամ է պարտք: Էլ պարտքով չեմ տալիս, ես չեմ կարող սենց աշխատել: Արդեն 23-րդ պարտքատետրս է», – գանգատվել է գյուղի խանութներից մեկի տերը:

Այս տարի Աղավնաձորի խաղողի բերքը քիչ է: Բնակիչների խոսքով՝ բացի այն, որ եղանակային պայմաններն են վատը, նաև «այգիները սրսկելու գումար չեն ունեցել, դրա համար էլ վատ բերք ունեն»:

«Ոչ կարում ենք ծախել, ոչ էլ կվերցնեն գործարանները, երևի տանենք, թափենք», – ասել են գյուղացիները: