Home / Հայաստան / Սյունիքի մարզում բռնկված հրդեհի ծավալներն աճում են

Սյունիքի մարզում բռնկված հրդեհի ծավալներն աճում են

Սյունիքի մարզի հարավում՝ Արաքսաշեն բնակավայրի մոտ, երեկվանից սկսված հրդեհի ծավալները մեծանում են։ Հրդեհի հետևանքով ծխով են պատված Մեղրիի մոտ գտնվող Արաքսաշենին հարող տարածքները։ Epress.am-ի հետ զրույցում Կարճևան գյուղի բնակիչներից մեկը հայտնել է, որ գյուղն ամբողջովին պատված է ծխով և «ձյան փաթիլների նման այրվածքի մնացորդները թափում են օդից»։ Կարճևանը Մեղրիից մոտ 10 կմ հեռավորության վրա է գտնվում։

Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը հաղորդում է, որ երեկվանից սկսված խոշոր հրդեհից արդեն այրվում է մոտ 150 հա խոտածածկույթ, որից 4 հա՝ «Արևիկ» ազգային պարկի տարածքում: Ավելի վաղ կայքը հայտնել էր, որ հրդեհը մոլեգնում էր 100 հա տարածքում։

Հրդեհի մարման աշխատանքներին, բացի հրշեջներից, մասնակցում են նաև տեղի բնակչությունը, «Արևիկ» ազգային պարկի աշխատակիցները, ոստիկաններ և մոտակա զորամասի 80 զինծառայող։

Հրդեհի պատճառնների մասին պաշտոնական տեղեկություն ԱԻՆ-ը չի հայտնում։