Home / Տեսանյութեր / «Նախաքննական մարմնի դակիչ» հոգեբանը չգիտեր սևազգեստ մայրերի բողոքի մասին

«Նախաքննական մարմնի դակիչ» հոգեբանը չգիտեր սևազգեստ մայրերի բողոքի մասին

Հոգեբան Էլդա Գրինն առաջին անգամ է տեսնում տարիներ շարունակ ՀՀ նախագահի նստավայրի և այլ պետական կառույցների մոտ բողոքի ակցիա անցկացնող խաղաղ պայմաններում մահացած զինվորների ծնողներին։ Այս մասին նա ասել է այսօր նախագահականի մուտքի մոտ՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք նա տեղյա՞կ է, թե ովքեր են այդ պահին բողոքի ակցիա անում շենքի դարպասների մոտ։

Էլդա Գրինը նշել է, որ դուրս է եկել նախագահի նստավայրից «հերթական հանդիպումից հետո»։ Նրան մոտեցած սևազգեստ մայրերը՝ Իրինա Ղազարյանը և Նանա Մուրադյանը  ներկայացրել են իրենց որդիների՝ Արթուր Ղազարյանի և Վալերի Մուրադյանի դեպքերը և անարդար քննության դեմ իրենց բողոքը։

«Դե պետք է նորից ու նորից բողոքեն, մինչև որ բացահայտվի ճշմարտությունը», – ասել է Գրինը։

Իրինա Ղազարյանը նշել է, որ իր համոզմամբ որդուն սպանել են և հետո դատահոգեբանները, դատաբժիշկները և քննիչներն ասել է, որ որդին մահացել է գլխի ուռուցքից։

«Եթե տենց լավ դատաբժիշկներ և հոգեբաններ կան, թող մի հատ նստեն, քննարկեն էս դեպքը, -ասել է զինվորի մայրը, ֊ դե, Դուք մի երկու բան ասեք, դե գոնե Ձեր կյանքի մնացած տարիները մի երկու լավ գործ արեք։ Ասեմ՝ հալալ լինի, էդ կինը մի բան արեց»։

«Ես ուղղակի զարմանում եմ, ցնցված եմ», – ասել է Էլդա Գրինը՝ չպատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք տեղյակ է, որ ինքը և իր ղեկավարած փորձագիտական խումբն է մեծամասամբ «առաջ քաշում զինվորների ինքնասպանության վարկածները»։

Էլդա Գրինը դեռևս 2010 թվականին փորձագիտական եզրակացություն էր տվել ավագ լեյտենանտ Արտակ Նազարյանի աղմկահարույց գործով, որը զոհվել էր Տավուշի մարզի «Մեհրաբ» զորամասում։ Պաշտոնական վարկածը ինքնասպանությունն է եղել, սակայն տուժողի իրավահաջորդները և փորձագետները պնդել են, որ տեղի ունեցածը սպանություն է։ Դատական նիստերից մեկի ժամանակ ռազմական փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը Գրինին անվանել էր «նախաքննական մարմնի դակիչ»։

Epress.am-ի լրագրողը հետաքրքրվել է նաև, թե հոգեբանը տեղյա՞կ է, որ եթե նրան՝ Էլդա Գրինին, այսօր ընդունել են նախագահի նստավայրում, ապա մահացած զինվորների ծնողներին անգամ թույլ չեն տալիս մոտենալ նախագահականի դարպասներին, շատ հաճախ նրանց այնտեղից հեռացնում են ուժով։

«Դա իմ իրավասության մեջ չի մտնում», -ասել է հոգեբանը և հեռացել։

Ծնողների հետ հանդիպման վերջում Էլդա Գրինը ծնողներին է տվել իր հեռախոսահամարը՝ խնդրելով, որ երկու օրից զանգեն և խոստանալով զբաղվել մահացած զինվորների գործերով։

«Ուշադրություն դարձրեք բոլոր զինվորական սպանությունների գործերին, որտեղ դատահոգեբանները եզրակացություններ են տալիս քննիչների տված հեքիաթների հիման վրա։ Եվ եզրակացնում են, որ ինքնասպանություն է տեղի ունեցել», -ասել է Նանա Մուրադյանը։

Այսօրվա ակցիայի ժամանակ նախագահական ընդունելության է գնացել նաև ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված զինծառայող Քյարամ Սլոյանի հայրը։ Տեսնելով նրան՝ ծնողները ցավակցել են և ասել, որ Սլոյանը հերոս էր՝ ընդգծելով, որ հերոս էին նաև իրենց սպանված որդիները։

«Փամփուշտ չի եղել, որ կրակեն, դրա համար էլ զոհվեցին ապրիլին էդքան զինվորներ», -ասել է 2013 թվականին Լեռնային Ղարաբաղում խաղաղ պայմաններում մահացած Արման Մուրադյանի հայրը՝ Հովսեփ Մուրադյանը։ Նանա Մուրադյանը հավելել է․ «Հիմա է՝ ձևական շոուներ են անում, մեծարում են զոհվածների ծնողներին, որոշ ժամանակ անց նրանց էլ կմոռանան»։