Home / Հայաստան / Հնչեց Արտակ Նազարյանի գործով վճիռը. տուժող կողմը վստահ է՝ նրան սպանել են

Հնչեց Արտակ Նազարյանի գործով վճիռը. տուժող կողմը վստահ է՝ նրան սպանել են

Այսօր Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Սամվել Մարդանյանն ընթերցել է 2010 թվականին Տավուշի մարզի «Մեհրաբ» զորամասում զոհված լեյտենանտ Արտակ Նազարյանի գործով դատավճիռը՝ Հակոբ Մանուկյանին դատարարտելով 10 տարի ազատազրկման, Վահագն Հայրապետյանին, Մխիթար Մխիթարյանին և Ադիբեկ Հովհաննիսյանին՝ 4 տարի  ազատազրկման և Հարութիկ Կիրակոսյանին՝ 3 տարի ազատազրման: Վերջինիս նկատմամբ կիրառվել է համաներում և նա ազատ է արձակվել: Նրանք մեղավոր են ճանաչվել Նազարյանին ինքնասպանության հասցնելու մեջ: Այս մասին Epress.am-ին փոխանցել է դատարանի դահլիճում գտնվող Հելսինկյան ասոցիացիայի իրավապաշտպան Արման Վեզիրյանը:

Մեղադրող դատախազներ Հարություն Հարությունյանը և Հայկ Հարոյանը մեղադրյալ Հակոբ Մանուկյանի համար պահանջել է 13 տարվա ազատազրկում, Վահագն Հայրապետյանի, Ադիբեկ Հովհաննիսյանի և Մխիթար Մխիթարյանի համար՝ 4 տարվա, իսկ Հարութիկ Կիրակոսյանի համար՝ 2 տարվա: Դատավորի կարծիքը, փաստորեն, գրեթե 100 տոկոսով համընկել է մեղադրող դատախազների կարծիքի հետ:

Նշենք, որ թե տուժող, թե մեղադրվող կողմի ներկայացուցիչները դատական գործընթացի ավելի քան 2 տարվա ընթացքում մշտապես դժգոհել են դրա ընթացքից,  դատախազներին և դատավորին մեղադրել են կողմնապահության մեջ:

Այսօր առավոտյան Արտակ Նազարյանի քույրը՝ Ծովինար Նազարյանը, հայտարարություն է տարածել, որտեղ ևս մեկ անգամ նշել է՝ տուժող կողմը վստահ է՝ Արտակ Նազարյանին սպանել են:

Տեսանյութը՝ Արման Վեզիրյանի, Հելսինկյան ասոցիացիա

Լուսանկարում՝ Արտակ Նազարյանի մայրը՝ Հասմիկ Հովհաննիսյանը, և Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ Կառավարության մոտ բողոքի ակցիայի ժամանակ