Home / Հայաստան / Դեսպանատներին կոչ են անում ուշադրություն դարձնել Հայկ Կյուրեղյանի և Գևորգ Սաֆարյանի խնդրի վրա

Դեսպանատներին կոչ են անում ուշադրություն դարձնել Հայկ Կյուրեղյանի և Գևորգ Սաֆարյանի խնդրի վրա

Այսօր մի խումբ քաղաքացիներ շրջել են Հայաստանում գտնվող օտարերկրյա դեսպանատներով և միջազգային կառույցների գրասենյակներով՝ կոչ անելով ուշադրություն դարձնել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող ծրագրավորող Հայկ Կյուրեղյանի և «Նոր Հայաստան» շարժման ներկայացուցիչ Գևորգ Սաֆարյանի խնդիրների վրա։ «Նոր Հայաստան» շարժման ներկայացուցիչները և Գևորգ Սաֆարյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը հայտնել են Սաֆարյանի և Կյուրեղյանի նկատմամբ բանտում կիրառվող ճնշումների մասին։

Ակցիայի մասնակիցները երթը սկսել են Մյասնիկյանի արձանի մոտից։

«Մեր այսօրվա ակցիայով մենք ահազանգում ենք «Նուբարաշենի» կալանավայրում գտնվող Գևորգ Սաֆարյանի և Հայկ Կյուրեղյանի ֆիզիկական գոյատևության վտանգի մասին։ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ղեկավարությունը և Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անում են, որ այս երկու անձնավորությունները գտնվեն հանցագործների հետ նույն խցում, ովքեր ճնշում են գործադրում այս երիտասարդների վրա։ Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն արդեն ուղերձ է հղել Հայաստանի դատախազությանը և պահանջել, որ անհապաղ ազատ արձակեն Գևորգ Սաֆարյանին, քանի դեռ նրա գործը չի հասել դատարան»,- Epress.am -ի հետ զրույցում ասել է ակցիայի կազմակերպիչներից Կարո Եղնուկյանը։