Home / Տեսանյութեր / Գևորգ Սաֆարյանն ու Հայկ Կյուրեղյանը բանտում կրկին հացադուլ են հայտարարել

Գևորգ Սաֆարյանն ու Հայկ Կյուրեղյանը բանտում կրկին հացադուլ են հայտարարել

«Նոր Հայաստան» շարժման ներկայացուցիչ Գևորգ Սաֆարյանը (լուսանկարում) երեկ երեկոյան բանտում կրկին հացադուլ է հայտարարել։ Սաֆարյանն այս տարվա հունվարի 1-ին բերման էր ենթարկվել Ազատության հրապարակից, ապա հացադուլ սկսել՝ պահանջելով իրենց առանձին խուց տեղափոխել, ինչն էլ արվել էր։ Ինչպես նշված է «Նոր Հայաստան» շարժման հաղորդագրության մեջ, առանձին խցում Սաֆարյանին պահելը կարճ է տևել։

«Գևորգ Սաֆարյանի պաշտպանի և ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի տեսակցություններից պարզ է դարձել, որ Սաֆարյանին Հայկ Կյուրեղյանի հետ միասին առանձին խուց տեղափոխելուց մի քանի օր անց` հունվարի 14-ին, Գևորգին նորից հանել են այդ խցից և տարել մեկ այլ խուց: Գևորգ Սաֆարյանն անմիջապես հացադուլ է հայտարարել: Ի պաշտպանություն Գևորգ Սաֆարյանի իրավունքների, հացադուլ է հայտարարել նաև Հայկ Կյուրեղյանը: Այնուհետև Գևորգ Սաֆարյանին տեղափոխել են առանձին պատժախուց: Իսկ Հայկ Կյուրեղյանի շատ նեղ խցում տեղավորել են մի քանի հացադուլավորների` դրա պայմաններն անտանելի դարձնելով այնտեղ գտնվողների համար», ֊ ասված է շարժման հաղորդագրության մեջ:

Նշենք, որ Հայկ Կյուրեղյանը 27 օր տևած հացադուլը դադարեցրել էր 2015-ի դեկտեմբերի 14-ին։ Նա նույնպես պահանջել էր իրեն առանձին՝ չծխողների համար խուց տեղափոխել։

«Նոր Հայաստանը» նշում է նաև, որ տարբեր աղբյուրների միջոցով պատկան մարմիններից ստացվող փաստարկումը, որ այդ տեղափոխությունները պայմանավորված են կալանավայրի գերբեռնվածությամբ, հերքվում է Գևորգ Սաֆարյանին և Հայկ Կյուրեղյանին այցելած Զարուհի Փոստանջյանի տեղեկություններով, որոնց համաձայն Գևորգի պատժախուցը շատ ընդարձակ է:

«Տեղի ունեցածը փաստում է, որ հանցավոր վարչախումբը ճիզվիտական հնարամտության իր ամբողջ զինանոցն օգտագործում է բանտում Գևորգ Սաֆարյանի և Հայկ Կյուրեղյանի կյանքը դժոխքի վերածելու համար` կալանավորումն օգտագործելով որպես խոշտանգման, նվաստացման և անմարդկային վերաբերմունքի միջոց», ֊ եզրափակում են հաղորդագրության հեղինակները: