Home / Հայաստան / Փաշինյանը՝ Կոստանյանին․ «Հնարավո՞ր է ԱԱԾ֊ն չգաղտնալսի որևէ ընդդիմադիր գործչի» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Փաշինյանը՝ Կոստանյանին․ «Հնարավո՞ր է ԱԱԾ֊ն չգաղտնալսի որևէ ընդդիմադիր գործչի» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին հիշեցրել է, որ դեռևս 2013թ․՝ գլխավոր դատախազի պաշտոնում վերջինիս թեկնածության քննարկման ժամանակ, ինքը բարձրաձայնել է փաստեր, որոնք վկայում են, որ Կոստանյանը, լինելով զինդատախազ և վերահսկելով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած արյունալի միջադեպի նախաքննությունը, շրջանցել, կոծկել կամ չնկատելու էր տվել բոլոր այն փաստերը, որոնք ցույց են տալիս, որ Ավետիք Բուդաղյանին սպանել է անձամբ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը։ Փաշինյանի խոսքով՝ այն ժամանակ Կոստանյանը հայտարարել էր, որ այդ կապակցությամբ պատրաստ է քննարկման, սակայն նման քննարկում մինչ օրս տեղի չի ունեցել։

Կոստանյանը հայտարարել է, որ Գորիսի սպանության գործում չկա մի փաստ կամ հանգամանք, որի մասին ինքն անձնական պատասխանատվություն չկրի:

«Եվ այն ժամանակ, և միշտ ես ամեն մի կայացրած որոշման համար անձնական պատասխանատվություն կրում եմ: Ձեր կողմից ներկայացված փաստերի կապակցությամբ դատախազության պարզաբանումը կարող եք գտնել՝ դատական նիստի արձանագրությանը ծանոթանալով: Առնվազն այդքանով, միայն այդ արձանագրությունը նայելով, վստահ եմ, ձեր բոլոր հարցերի պատասխանները կստանաք»:

Փաշինյանը, իր հերթին, նշել է, որ 2013-ի հուլիսի 30-ին գործը վարող քննիչ Ղազարյանը գնացել է ԱԱԾ, խնդրել գաղտնալսումները, որ գործին համապատասխան ընթացք տրվի։ ԱԱԾ-ում պատճառաբանել են, թե տեխնիկական պատճառներով չեն գաղտնալսել Սուրիկ Խաչատրյանին:

«Դե հիմա ձեր բառակույտ իրավաբանությամբ մի հատ բացատրեք՝ հնարավո՞ր է, որ որևէ ընդդիմադիր քաղաքական գործչի ասեն՝ տեխնիկական պատճառներով չեն գաղտնալսել:

Էդ ձեր իրավաբանությունը տենց բառակույտ է ու Կաշպիրովսկու ժեստերով ցուցամատի սենց շարժումնե՞ր», ֊ ասել է ՀԱԿ պատգամավորը:

«Իրավաբանությունը բառակույտ չի՝ անկախ նրանից, դուք դա հասկանո՞ւմ եք, թե՞ ոչ», ֊ հակադարձել է Կոստանյանը։

Նա պնդել է, որ Սուրիկ Խաչատրյանին գաղտնալսելու մասին դատարանում խոսք չի եղել․ «3 սուբյեկտների գաղտնալսման մասին էր խոսքը, ԱԱԾ-ն իրոք պատասխանել է, որ տեխնիկական միջոցներ չկան: Ես չգիտեմ՝ ինչու չի ունեցել, բայց վստահ եմ, որ կան պատշաճ հիմնավորումներ»: