Home / Հայաստան / Կոստանյանը պատրաստ է զրուցել Փաշինյանի հետ, բայց ոչ ուղիղ եթերում

Կոստանյանը պատրաստ է զրուցել Փաշինյանի հետ, բայց ոչ ուղիղ եթերում

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը պատրաստ է ընդունել ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին և վերջինիս հետաքրքրող հարցերի շուրջ  քննարկում ունենալ նրա հետ: Այս մասին ասված է ՀՀ դատախազության հանրային կապերի վարչության տարածած հաղորդագրության մեջ, որում անդրադարձ է կատարվում Նիկոլ Փաշինյանի կողմից ԱԺ-ում հնչեցրած խոսքերին, թե ինքը պատրատս է հոկտեմբերի 15-ից 25-ին ընկած ժամանակահատվածում ուղիղ եթերում բանավիճել Գևորգ Կոստանյանի հետ:

Հիշեցնենք, որ խնդրո առարկան է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած Ավետիք Բուդաղյանի սպանության քննությունը:

«ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, կարևորելով հանրային վստահությունը դատախազության աշխատանքի նկատմամբ, սկզբունքորեն անհրաժեշտ է համարում աղմկահարույց, հնչեղություն ստացած քրեական գործերով հրապարակային քննարկումները, այն է` ընդունել զանգվածային լրատվամիջոցների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, Ազգային Ժողովի պատգամավորների և նրանց հետ տվյալ գործի վիճահարույց հանգամանքների շուրջ, մասնագիտական դաշտում, մանրամասը զրուցել, պարզաբանել, բացատրել քննարկման հանրային մասնակիցներին`  իրենց հուզող հարցերի վերաբերյալ:

Արդյունքների մասին կարող է լինել հանրային իրազեկում զանգվածային լրատվամիջոցներով կամ հանդիպման մասնակիցները այդ մասին կարող են հանդես գալ սեփական հայտարարություններով` այդպիսով հրապարակայնացնելով այդ քննարկումը, բացառությամբ այնպիսի տեղեկությունների հաղորդմամբ, որը ի շնորհիվ այդ քննարկման, հայտնի է դարձել իրենց, սակայն կարող է հանդիսանալ նախաքննական գաղտնիք կամ դիտվել որպես ուղղորդող կարծիք կամ ճնշում դատարանի և դատական քննության վրա:

Ուստի և հրապարակային քննարկումը դա միայն ուղիղ եթերով բանավեճ չէ, ինչպես ընկալել է պարոն Փաշինյանը:

Դատախազի կողմից տրամադրված տեղեկատվությունը չի կարող վտանգի տակ դնել անհատների իրավունքները և օրինական շահերը, ներառյալ այնպիսի խոցելի խմբերի, ինչպիսիք են տուժողները, մեղադրյալի ընտանիքի անդամները,  քրեական գործի տվյալների պաշտպանության պահանջը, գաղտնիության պարտականությունը: Հանրությանը տրամադրված տեղեկատվությունը չպետք է վնասի նախաքննության նպատակին:

ՀՀ գլխավոր դատախազ պարոն Կոստանյանի հայտարարությունը հրապարակային քննարկումների վերաբերյալ մշտապես ուժի մեջ է, եթե  քննարկման կողմերի համար ընդունելի են մարդու իրավունքների և հիմնական ազատությունների, օրինական շահերի հավասարակշռման երաշխիքները, որոնցով այդ իրավունքների իրականացումը կարող է սահմանափակվել օրենքով սահմանված կարգով, ժողովրդավարական սկզբուքներով, այն չափով որը անհրաժեշտ է և համապատասխանում է սահմանափակման նպատակին», – նշել է Կոստանյանը: