Home / Հայաստան / «Հիմնադիր խորհրդարանի» 2 անդամների բերման են ենթարկել Հանրապետության հրապարակից

«Հիմնադիր խորհրդարանի» 2 անդամների բերման են ենթարկել Հանրապետության հրապարակից

Այսօր առավոտյան Հանրապետության հրապարակից բերման են ենթարկվել «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության անդամներ Գևորգ Սաֆարյանն ու Հայկ Գրիգորյանը։ Այս մասին Epress.am֊ին հայտնել է «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչ Վարուժան Ավետիսյանը։

Նրա խոսքով՝ ակտիվիստներին բերման են ենթարկել հունվարի 31-ին տեղի ունեցած միջադեպի հետևանքով վնասված մեքենաները կայանելու համար, իսկ 3 մեքենաներ տարել են տուգանային հրապարակ:

Նշենք, որ «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության կողմից Հանրապետության հրապարակում այսօր ժամը 13:00-ին հրավիրվել է բացօթյա ասուլիս, որը նախատեսվում է անցկացնել հունվարի 31-ին Լեռնային Ղարաբաղի սահմանին տեղի ունեցած միջադեպի տուժածների մասնակցությամբ և վնասված ավտոմեքենաների ցուցադրությամբ:

Ավելի վաղ նախաձեռնությունը հայտարարություն էր տարածել, որում ասված էր՝ Ոստիկանությունը ամեն գնով փորձում է խափանել ասուլիսը։

«Գիշերվա ընթացքում ոստիկանությունը նախապես զբաղեցրել է ասուլիսի հայտարարված վայրում՝ Հանրապետության Հրապարակի տարածքում գտնվող ավտոմեքենաների կայանատեղին, իսկ այս պահին թույլ չի տալիս, որ վնասված ավտոմեքենաները կայանեն ասուլիսի համար նախատեսված այլընտրանքային տարածքում՝ Կենտրոնական բանկի դիմաց:

Տեղեկացնում ենք, որ անկախ ոստիկանության գործողություններից, ասուլիսը տեղի կունենա», ֊ ասված է հայտարարության մեջ։

Tert.am-ի փոխանցմամբ՝ ՀՀ Ոստիկանության լրատվական ծառայությունը, իր հերթին, հաղորդում է, որ Ոստիկանությունն արգելում է Հանրապետության հրապարակում այսօր նախատեսված բացօթյա ասուլիսը։  

Լուսանկարում՝ Լեռնային Ղարաբաղի միջադեպի հետևանքով վնասված մեքենաներից մեկը