Home / Հայաստան / Ոստիկանությունը փորձում է խափանել բացօթյա ասուլիսը․ «Հիմնադիր խորհրդարան»

Ոստիկանությունը փորձում է խափանել բացօթյա ասուլիսը․ «Հիմնադիր խորհրդարան»

Ոստիկանությունը ամեն գնով փորձում է խափանել Հանրապետության հրապարակում այսօր ժամը 13:00-ին «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության կողմից հրավիրված բացօթյա ասուլիսը, որը նախատեսվում է անցկացնել հունվարի 31-ին Լեռնային Ղարաբաղի սահմանին տեղի ունեցած միջադեպի տուժածների մասնակցությամբ և վնասված ավտոմեքենաների ցուցադրությամբ: Այս մասին ասված է նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ։

«Գիշերվա ընթացքում ոստիկանությունը նախապես զբաղեցրել է ասուլիսի հայտարարված վայրում՝ Հանրապետության Հրապարակի տարածքում գտնվող ավտոմեքենաների կայանատեղին, իսկ այս պահին թույլ չի տալիս, որ վնասված ավտոմեքենաները կայանեն ասուլիսի համար նախատեսված այլընտրանքային տարածքում՝ Կենտրոնական բանկի դիմաց:

Տեղեկացնում ենք, որ անկախ ոստիկանության գործողություններից, ասուլիսը տեղի կունենա», ֊ նշում է նախաձեռնությունը:

Նշենք, որ հունվարի 31-ին Լաչինում (Բերձոր) ԼՂՀ ոստիկանության ներկայացուցիչները և քաղաքացիական հագուստով անձինք ծեծի են ենթարկել «Հիմնադիր խորհրդարանի» անդամներին, ովքեր ավտոերթ են կազմակերպել դեպի Լեռնային Ղարաբաղ։ Հարձակվողները նաև ջարդել են երթի մասնակիցների մեքենաները։