Home / Տեսանյութեր / Ո՞ւմ գնողունակությունը կբարձրանա․ դրամի անկման և աղքատության աճի մասին

Ո՞ւմ գնողունակությունը կբարձրանա․ դրամի անկման և աղքատության աճի մասին

Հայաստանը գտնվում է բյուջեի քննարկման փուլում, և այդ բյուջեում դոլարը հաշվարկված է 411 դրամով, իսկ այսօր դոլարի փոխարժեքն այդ թվից արդեն բարձրացել է ավելի քան 20 դրամով։ Այս մասին «Մեդիա կենտրոնում» քննարկման ժամանակ ասել է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը՝ նշելով, որ որևէ անդրադարձ այդ փաստին ՀՀ կառավարությունն առայժմ չի արել և ընդհանրապես ունակ չէ կանխատեսումներ անել։

Խաչատրյանն ընդգծել է, որ կառավարության անդամները պատճառաբանում են, թե բյուջեն կազմելու պահին դոլարը հենց 411 դրամ է եղել, սակայն, տնտեսագետի կարծիքով, այդ բացատրությունն անբավարար է, քանի որ նույն Ռուսաստանը, օրինակ, ունի բյուջեի 4 կամ 5 տարբերակ։

«Իրենք [ՀՀ բյուջեին] լուրջ չեն վերաբերվում՝ ոչ Կենտրոնական բանկը, ոչ Ֆինանսների նախարարությունը, ոչ Արժույթի միջազգային հիմնադրամը։ Եթե լուրջ վերաբերվեին, բյուջեում կլիներ, որ առաջիկա տարիների ընթացքում արտահանման քաղաքականությունն իրականացնելու համար դրամը կարժեզրկվի, ենթադրենք, 10 կամ 15 տոկոսով, որի արդյունքում կստեղծվեն աշխատատեղեր», ֊ ասել է Խաչատրյանը։

Տնտեսագետն անարժանահավատ է համարել դրամի արժեզրկման մասին ԿԲ֊ի բացատրությունը, համաձայն որի դրամի անկումը նպաստում է արտահանման մրցունակության բարձրացմանը, տնտեսական աճին, կայուն աշխատատեղերի ստեղծմանը և պահպանմանը, ինչպես նաև բնակչության կողմից ստացվող տրանսֆերտների գնողունակության աճին։ Նշված կետերը, ըստ Խաչատրյանի, տնտեսագիտական ճշմարտություններ են, որոնք պետք է ապացուցել իրական կյանքում։

«Շատ ծիծաղելի է, էդ ո՞ւմ գնողունակությունը կբարձրանա։ Բոլորը տրանֆերտ հո չե՞ն ստանում։ Օրինակ, ես դրանից չեմ օգտվում։ Բա ի՞նչ են անելու բյուջետային աշխատողները, ի՞նչ են անելու թոշակառուները», ֊ հայտարարել է Խաչատրյանը։

ԿԲ հայտարարության և դրամի անկման հետ կապված ռիսկերի մասին խոսել է նաև տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը։ Նա ընդգծել է, որ, մասնավորապես, ռուբլիով ստացվող ընթացիկ տրանսֆերտները բոլոր դեպքերում կորցնելու են իրենց գնողունակությունը, քանի որ ռուբլին արժեզրկվում է։

«Արժեզրկված ռուբլին Հայաստանում հաստատ չի ունենալու ավելի բարձր գնողունակություն», ֊ ասել է Վիլեն Խաչատրյանը։

Նա ընդգծել է նաև, որ դոլարի փոխարժեքի՝ 20 դրամով բարձրացումը չի կարող էական ազդեցություն թողնել արտահանման վրա։

«Մենք ունենք ստանդարտ արտահանման պոտենցիալ, որը մեծ արագությամբ չի կարող աճել», ֊ նշել է բանախոսը։

Տնտեսագետի խոսքով՝ դրամի փոխարժեքի անկումը կնպաստի աղքատության մակարդակի բարձրացմանը, քանի որ Հայաստանում տրված վարկերի 60 տոկոսը դոլարային է։ Հետևաբար, դոլարով վարկ ունեցողներ քաղաքացիները հայտնվելու են ռիսկային տիրույթում՝ ստիպված լինելով վճարել ավելի բարձր տոկոսներ և ավելի բարձր մայր գումար, մինչդեռ աշխատավարձներն այդքան արագ չեն աճելու։