Home / Տեսանյութեր / «Նպաստում է տրանսֆերտների գնողունակության աճին»․ ԿԲ֊ն արձագանքեց դրամի անկմանը

«Նպաստում է տրանսֆերտների գնողունակության աճին»․ ԿԲ֊ն արձագանքեց դրամի անկմանը

ՀՀ դրամի փոխարժեքի ճշգրտումը թելադրված է վերջին ժամանակահատվածում տարածաշրջանում և միջազգային ֆինանսական շուկաներում տեղի ունեցած զարգացումներով, և նպաստում է արտահանման մրցունակության բարձրացմանը, տնտեսական աճին, կայուն աշխատատեղերի ստեղծմանը և պահպանմանը, ինչպես նաև բնակչության կողմից ստացվող տրանսֆերտների գնողունակության աճին: Այսպիսի հայտարարությամբ է Հայաստանի Կենտրոնական բանկն արձագանքել այսօրվա ընթացքում գրանցված դրամի կտրուկ անկմանը։

«Կենտրոնական բանկը՝ խորհրդակցելով ֆինանսական շուկայի բոլոր մասնակիցների հետ, գնահատում է, որ այս պահին շուկայում ձևավորված փոխարժեքը լիարժեք արտացոլում է այդ զարգացումները և գտնվում է կայունացման տիրույթում: ՀՀ կենտրոնական բանկի պահուստները լիովին բավարար են կանխելու փոխարժեքի բոլոր տեսակի արհեստական տատանումները և ապահովելու ֆինանսական կայունությունը», ֊ ասված է ԿԲ֊ի հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին Հայաստանում դրամի փոխարժեքը կտրուկ անկում է գրանցել։ Դեռ առավոտյան երևանյան փոխանակման կետերում 1 դոլարը հնարավոր էր գնել 427 դրամով, սակայն արդեն կեսօրից հետո այն վաճառվում էր 435-ից 437 դրամով։

Համաձայն rate.am կայքի, 15։30-ի դրությամբ հայաստանյան բանկերը դոլարը գնում էին 429-ից 433 դրամով, իսկ վաճառում 436-ից 438 դրամով։ Օրվա վերջին բանկերում 1 դոլարի վաճառքի գինը 434-436 դրամ էր։ Փաստորեն, անցյալ շաբաթվա համեմատ դոլարի գինը բարձրացել է մոտ 20 դրամով, քանի որ նոյեմբերի 17-ից 21-ն ընկած ժամանակահատվածում 1 դոլարի վաճառքի միջին փոխարժեքը կազմել է 417.39 դրամ։