Home / Հայաստան / Երևանի ավագանու անդամը հացադուլ է անում ԵԱՀԿ֊ի գրասենյակի մոտ․ խնդիրը խոցված ուղղաթիռն է

Երևանի ավագանու անդամը հացադուլ է անում ԵԱՀԿ֊ի գրասենյակի մոտ․ խնդիրը խոցված ուղղաթիռն է

«Ժառանգություն» կուսակցության անդամ, Երևանի ավագանու «Բարև, Երևան» խմբակցության ներկայացուցիչ Դավիթ Սանասարյանը քիչ առաջ հացադուլ է սկսել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի առջև՝ պահանջելով բացահայտել նոյեմբերի 12-ին Լեռնային Ղարաբաղում ուղղաթիռի խոցման պատճառները ու վերադարձնել սպանված երեք զինծառայողների դիակները։ Այս մասին Սանասարյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Սա միայն ՊՆ-ի անելիքը չէ: Մեր երկրում եթե կա մի կառույց, որին անվերապահորեն հավատում եմ, դա մեր Զինված ուժերն են, գիտեմ, որ պատասխան են տալու, գիտեմ, որ կարող են տղեքին ադրբեջանցիների կրակի տակից հանել, բայց նաև պարզ է, որ չեն ուզում նոր կորուստներ տալ… Իսկ ինչո՞վ են զբաղված ԵԱՀԿ համանախագահները, ի՞նչ են արել մինչ օրս, որ խաղաղ ձևով ուղղաթիռի անձնակազմը հետ բերենք….եթե մի բան էլ արել են, շատ քիչ է, տղաները դեռ հոշոտման վտանգի տակ են, եթե արդեն չի եղել»,- գրել է Սանասարյանը:

Ուղղաթիռը խոցվել էր ադրբեջանական զինված ուժերի կողմից։ Խոցման պահի տեսանյութը տարածել են ադրբեջանական ԶԼՄ֊ների ներկայացուցիչները։ Ուղղաթիռի խոցման հետևանքով զոհված երեք զինծառայողներն են՝ ուղղաթիռի հրամանատար մայոր Սերգեյ Սահակյանը, ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը և լեյտենանտ Ազատ Սահակյանը: Մինչ օրս հնարավոր չէ մոտենալ ուղղաթիռի ընկնելու վայրին, քանի որ, հայկական կողմի վկայությամբ, ադրբեջանցիները կրակի տակ են պահում նշված տեղամասը։