Home / Հայաստան / Ադրբեջանը ղարաբաղյան ուղղաթիռ է խոցել. կա 3 զոհ (թարմացված)

Ադրբեջանը ղարաբաղյան ուղղաթիռ է խոցել. կա 3 զոհ (թարմացված)

Այսօր ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական զինված ուժերի կողմից խոցվել է ԼՂՀ Ռազմաօդային ուժերի ՄԻ-24 ուղղաթիռը: Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ, ասված է հաղորդագրության մեջ։

Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը «Ազատության» հետ զրույցում հաստատել է, որ հայկական կողմից կա երեք զոհ:

Ադրբեջանի ՊՆ֊ն պնդում է, որ վերջին երեք օրերին հայկական օդային ուժերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանի մոտ «սադրիչ թռիչքներ էին իրականացնում», իսկ այսօր փորձել են հարձակվել ադրբեջանական դիրքերի վրա։ Ըստ ադրբեջանական կողմի՝ ուղղաթիռը ոչնչացվել է պատասխան կրակի հետևանքով։ 

Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում հերքել է ադրբեջանական կողմի հայտարարությունները։ 

«Ուղղաթիռի բեկորների ուսունասիրությունը թույլ կտա հաստատել, որ ուղղաթիռը զինված չի եղել: Իրավիճակի այս լարումը ադրբեջանական կողմից շարունակվում էր, երբ ուղղաթիռը արդեն ընկած էր: Ավելին` ադրբեջանական կողմի կրակահերթը նաև թույլ չէր տալիս, որ անգամ օդաչուներին մոտենան: Այս աննախադեպ լարման հետևանքները ադրբեջանական կողմի համար շատ ցավոտ կլինեն և կմնան Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության խղճին:
Ուղղաթիռի հրամանատարն էր մայոր Սերգեյ Սահակյանը: Անձնակազմի հետագա ճակատագրի մասին տեղեկություններ կհայտնենք», ֊ գրել է Հովհաննիսյանը: