Home / Հայաստան / Epress.am֊ի լրագրողին ՀՔԾ են հրավիրում նստացույց անող կնոջը զանգահարելու առիթով

Epress.am֊ի լրագրողին ՀՔԾ են հրավիրում նստացույց անող կնոջը զանգահարելու առիթով

Այսօր Epress.am֊ի լրագրող Լուսինե Խաչատրյանին հրավիրել են Հատուկ քննչական ծառայություն։ Զանգահարողը պարզաբանել է, որ լրագրողի բջջայինի անձնական համարից զանգահարել են քաղաքացի Էմմա Սահակյանին, և ՀՔԾ֊ում ցանկանում են պարզել, թե ինչու է այդ զանգը կատարվել։

Լրագրողը նշել է, որ ՀՔԾ կներկայանա միայն ծանուցագիր ստանալու դեպքում։ Քիչ անց ՀՔԾ֊ից կրկին զանգահարել են՝ խնդրելով ներկայանալ ու վերցնել ծանուցագիրը, որպեսզի «արագ լինի»։ Լուսինե Խաչատրյանը հրաժարվել է ներկայանալ և խնդրել է, այնուամենայնիվ, ծանուցագիրն ուղարկել։

Նշենք, որ Էմմա Սահակյանը 2012 թվականի հունիս ամսից նստացույց է անցկացնում ՀՀ նախագահի նստավայրի դիմացի մայթին։ Epress.am֊ը բազմիցս անդրադարձել է Սահակյանի պատմությանը, հարցազրույցներ է վերցրել քաղաքացուց։ Այս տարվա օգոստոսին ՀՔԾ֊ն վարույթ է ընդունել Էմմա Սահակյանի բողոքը, ով նամակ էր գրել ՀՀ Գլխավոր դատախազին՝ պահանջելով պատժել 2013 թվականի դեկտեմբերի 2-ին իր նկատմամբ ուժ կիրառած և իրեն Բաղրամյան պողոտայից տեղահանած ոստիկաններին։

Նշենք, որ նախորդ շաբաթ «Ա1+»֊ի լրագրող Մարինե Խաչատրյանի վրա հարձակման գործով ՀՔԾ-ում հարցաքննվել էին Epress.am֊ի լրագրողներ Յուրի Մանվելյանն ու Տիգրան Խաչատրյանը։