Home / Տեսանյութեր / Epress.am֊ի լրագրողներին հարցաքննում են «Ա1+»֊ի գործընկերոջ վրա հարձակման գործով

Epress.am֊ի լրագրողներին հարցաքննում են «Ա1+»֊ի գործընկերոջ վրա հարձակման գործով

«Մեկնաբանություններ Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի վերաբերյալ» կարմիր կազմով գիրքը ՀՀ Հատուկ քննչական ծառայության քննիչը դարակից հանեց ու սեղանին դրեց լրագրողի ու ենթասպայի առերեսումից անմիջապես հետո։ Անկյունում՝ սեղանի վրա, դրված էր փայտե կազմով գիրք՝ վրան փորագրված խաչով, կողքին՝ անկործան Զվարթնոց տաճարի մանրակերտ, դրանց մեջտեղում՝ ժպտացող աղջնակի լուսանկար։ Պատից հանդիսավոր նայում էր Սերժ Սարգսյանը՝ եռագույնի ֆոնին, նրա դիմաց կախված էր ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից տրված «Օրենքի պատվար» մեդալի վկայականը։ Այս կաբինետն այսօր՝ նոյեմբերի 7֊ին, ես արդեն երկրորդ անգամն էի այցելում։

Չորս օր առաջ ինձ հրավիրեցին որպես վկա լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու գործով։ Խոսքը սեպտեմբերի 9֊ին ԱԺ անվտանգության պետ Կարեն Հայրապետյանի՝ «Ա1+»-ի լրագրող Մարինե Խաչատրյանի վրա հարձակման մասին է։ Լրագրողն այդ պահին լուսաբանում էր «Հակահարված» արտ-խմբի ակցիան․ արվեստագետները Ազգային ժողովի դարպասներին ամրացրել էին «Բարև, Ռոբ» պաստառը։ Այս արտահայտությամբ 2001 թվականին «Առագաստ» ռեստորանի այցելու Պողոս Պողոսյանը ողջունել էր իր վաղեմի ծանոթ, երկրի այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Ողջույնից հետո երկրի ղեկավարի անվտանգության ծառայության անդամները Պողոսյանին դուրս էին բերել ռեստորանից ու ծեծելով մահվան հասցրել։ Նախագահի հետ ռեստորանում գտնվում էր ֆրանսիացի երգիչ, Հայաստանի Ազգային հերոս Շառլ Ազնավուրը։

ՀՔԾ կանչի մասին պատմեցի ընկերներիս «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպությունից։ Նրանք ինձ փաստաբան Գայանե Խաչատրյանին տրամադրեցին՝ բացատրելով, որ քննիչը հեղինակավոր իրավաբանի ներկայությամբ ու առանց դրա, բոլորովին այլ կենսաբանական տեսակ է։ Ինձանից երկու օր անց քննիչի մոտ ստիպված եղավ գնալ Epress.am֊ի մեկ այլ լրագրող, արվեստագետ Տիգրան Խաչատրյանը, ով սեպտեմբերի 9֊ին նկարահանել էր խորհրդարանի առջև տեղի ունեցածը։ Նրան նույնպես ուղեկցում էր իմ պաշտպան Գայանեն։

Ընդունարանում անմիջապես չհասկացան, որ քննիչ Ավետիսյանի մոտ էի եկել։ Չօգնեցին անգամ ծանուցման մեջ նշված Վ․Գ․ անվան և հայրանվան սկզբնատառերը․ պարզվում է՝ ՀՔԾ֊ում ոչ միայն կա մեկ այլ Վ․Գ․ Ավետիսյան, այլև նա իմ քննիչի հարազատ եղբայրն է։\

Հարցաքննությունից առաջ չվերանայեցի գործընկերոջս վրա հարձակման տեսանյութը, որի վրա երևում է, որ նա լրագրողի վկայականը ցույց է տվել միայն անվտանգության պետի հարվածելուց հետո։ Դա, սակայն, էական չէ, քանի որ ես խորհրդարանի պահակին այդ զայրացած տղամարդու հայտնվելուց առաջ էի դեռ տեղեկացրել, որ մենք լրագրողներ ենք։ Սա ուշադրության արժանի հանգամանք է, քանի որ անվտանգության պետը կարող է խուսափել պատժից, եթե գործը կառուցեն այնպես, թե, իբր, նա չի իմացել՝ ում է հարվածում։ Քանի որ լրագրողի կողմից բողոք, ինչպես հասկանում եմ, չի ներկայացվել։

Ինձ նաև հարցրեցին, թե ինչ եմ կարծում՝ ինչու է Կարեն Հայրապետյանը հարվածել հենց Մարինե Խաչատրյանին։ Ես ենթադրեցի, որ անվտանգության պետը քաշային կարգի ու սեռի տեսանկյունից առավել անվտանգ հարձակման առարկա էր ընտրել։

Չորս օր առաջ տվածս ցուցմունքը հակասել էր անվտանգության ծառայողներից մեկի ցուցմունքին, ուստի այսօր մենք նրա հետ հանդիպեցինք առերեսման ժամանակ։ Ես նրան առանց համազգեստի չճանաչեցի, իսկ նա նույնիսկ թրաշս ու կրծքիս վրա խաչված ձեռքերս հիշեց (այս ամենը կա նաև տեսանյութում)։ Նրա խոսքով՝ մեր երկխոսությունն ավելի երկար էր տևել, իսկ իմ, ինչպես նաև գործընկերներիս լրագրող լինելու մասին նա տեղյակ չէր։

Ինչ վերաբերում է նրա ղեկավարին, ապա վերջինս նախկինում էլ հարձակվել է մամուլի ներկայացուցիչների վրա՝ նախապես իմանալով, թե ում հետ գործ ունի։ 2013 թվականի դեկտեմբերին նա իր աշխատակիցների ուղեկցությամբ մտել էր ԱԺ֊ում լրագրողների օթյակ ու սկսել պատառոտել պաստառները, որոնք լրագրողները պահել էի ի նշան բողոքի ընդդեմ Ռուսաստանի հետ կնքված պայմանագրի։

Հեղինակ՝ Յուրի Մ․

Լուսանկարը՝  hetq.amի տեսանյութից ստոպ կադր