Home / Տեսանյութեր / «Բանդայի գործով» մեղադրյալը ինքնավնասվել է դատարանում․ նիստը հետաձգվել է (թարմացված)

«Բանդայի գործով» մեղադրյալը ինքնավնասվել է դատարանում․ նիստը հետաձգվել է (թարմացված)

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում այսօր «բանդայի գործով» հերթական դատական նիստն ընդմիջվել է նրանից հետո, երբ մեղադրյալներից մեկը՝ Դավիթ Գալստյանը, ինքնավնասվել է։

Ինչպես հաղորդում է Epress.am-ի լրագրողը դատարանի դահլիճից, բնակարանային մի շարք գողություններ կատարելու մեջ մեղադրվող Գալստյանը սուր ծակող առարկայով հարվածել է իր ձեռքին։ Մեր լրագրողին հեռվից չի հաջողվել նկատել, թե ինչ առարկա է դա եղել։ Դեպքին արագ միջամտել են կարգադրիչներն ու ոստիկանները, ներկաներին խնդրել են հեռանալ դատարանի դահլիճից, իսկ Գալստյանին սկսել են օգնություն ցույց տալ դատարանի դահլիճում։

Գալստյանն ինքնավնասման փորձը կատարել է նրանից հետո, երբ դատարանում սկսել են կարդալ իր նախաքննական ցուցմունքը, չնայած դատավարության ընթացքում նա մի քանի անգամ պնդել էր, որ ինքը այդ ցուցմունքի հեղինակը չէ, և իրեն ոստիկանությունում խոշտանգել են։

Հարցին՝ արդյոք հարցաքննություն եղել է, նա բացասական պատասխան է տվել․

«Հարցաքննություն չի եղել, տարել են, ջարդել են, ասել են՝ մի տարվա գործերը [գողության] ձեր վրա են։ Մի տարի պաշտպան ունենալու հնարավորություն չեն տվել։ Քննչական գործողությունների չեմ մասնակցել, որովհետև [ծեծի հետևանքով] վատ եմ եղել», – ասել է Գալստյանը՝ նշելով, որ իրեն սպառնացել են խնդիրներ ստեղծել ընտանիքի անդամների համար։

Դավիթ Գալստյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանն Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ իր պաշտպանյալն ինքնավնասվել է, որովհետև, լսելով դատախազի ընթերցած նախաքննական ցուցմունքը, որն ինքը չի տվել, վերապրել է այն բոլոր խոշտանգումները, որոնք կիրառվել են իր նկատմամբ։

Ըստ փաստաբանի՝ գործի նյութերին կցված է դատաբժշկական փորձաքննության եզրակացությունն այն մասին, որ ամբաստանյալ Դավիթ Գալստյանը լուրջ հոգեկան խնդիրներ ունի։

Ոսկանյանը նշել է, որ իր պաշտպանյալը մեկ անգամ էլ փորձել է ինքնավնասման դիմել մեկ այլ մեղադրյալ Արմեն Դալլաքյանի մահվանից հետո։

Այսօրվա դատական նիստը հետաձգվել է մինչև օգոստոսի 6-ը։

Ավելի վաղ Գալստյանը դատարանում հայտարարություն էր ընթերցել։ 

Հիշեցնենք, որ գործով անցնում են 2011 թվականի սեպտեմբերին բնակարանային գողություններ կատարելու մեղադրանքով ձերբակալված 5 ամբաստանյալներ: Վերջիներս, ինչպես նաև նրանց պաշտպանները հայտարարել են, որ ամբաստանյալների նկատմամբ խոշտանգումներ են իրականացվել, և դրանց հետևանքով կորզված ցուցմունքները չպետք է քննվեն դատարանում և մեղադրականի հիմք դառնան: Պաշտպանները պնդում են, որ գործը քննվում է բազմաթիվ խախտումներով։