Home / Տեսանյութեր / «Սրանք ժիվոյ տռուպ են». «բանդայի գործով» մեղադրյալը՝ խոշտանգումների մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ)

«Սրանք ժիվոյ տռուպ են». «բանդայի գործով» մեղադրյալը՝ խոշտանգումների մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ)

«Բանդայի գործով» մեղադրյալներն ու նրանց շահերի պաշտպանները շարունակում են բարձրաձայնել գործում առկա խախտումների մասին: Երեկվա նիստից հետո երեք փաստաբաններ՝ Ստեփան Ոսկանյանը, Սամվել Հովհաննիսյանը և Կարեն Հակոբյանը, eTV-ի հետ խոսել են իրենց պաշտպանյալների նկատմամբ իրականացված խոշտանգումների մասին՝ նշելով, որ դրանց հետևանքով կորզված ցուցմունքները չպետք է քննվեն դատարանում և մեղադրականի հիմք դառնան: Հիշեցնենք, որ գործով անցնում են 2011 թվականի սեպտեմբերին բնակարանային գողություններ կատարելու մեղադրանքով  ձերբակալված 5 ամբաստանյալներ: Եվս մեկ մեղադրյալ՝ Արմեն Դալլաքյանը, մահացել է այս տարվա սեպտեմբերի 7-ին բանտում, նրա մասով գործը կարճվել է:

Նախորդ նիստերից մեկում իր նկատմամբ իրականացրած խոշտանգումների մասին պատմել էր նաև ամբաստանյալ Դավիթ Գալստյանը:

«Դիմում գրեցի, որ ինձ 10 օր պահել են ԿՊԶ-ում, որն արդեն մարդու իրավունքների խախտում է, ասեցին, որ բենզին չունեն տեղափոխեն, բայց իրականում պատճառը այն էր, որ էնքան էին ծեծել, որ ոտի վրա չէինք կարում կանգնեինք: Նրանք տարան մեզի ԿԳԲ, բայց նրանք չընդունեցին, ասեցին՝ սրանք ժիվոյ տռուպ են (կենդանի դիակ), տարեք, մի քանի օր պահեք, եթե չմեռնեն, կբերեք», – մասնավորապես, ասել է Գալստյանը: Վերջինս խոսում է նաև քննչական գործողություններում առկա խախտումների մասին:

Մյուս դատապարտյալները նույնպես պնդում են, որ գործի քննության ընթացքում խոշտանգումներ և խախտումներ են եղել:

eTV-ին՝ Հելսինկյան ասոցիացիայի և Անկախ լրագրողների ցանցի համատեղ նախագիծն է