Home / Հայաստան / «Չվճարել լույսի համար»․ ակցիայի մասնակիցներին տարել են բաժին և հիվանդանոց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Չվճարել լույսի համար»․ ակցիայի մասնակիցներին տարել են բաժին և հիվանդանոց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

14։00 Ոստիկաններին հաջողվել է ճանապարհ բացել մեքենայի համար, որն արգելափակվել էր էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող ակտիվիստների կողմից։ Մեքենայում բողոքողներից երկուսն էին, որոնց, նախնական տեղեկություններով, տարել են Ոստիկանության Կենտրոնի բաժին։ Ճանապարհը բացելու ընթացքում ոստիկանները բռնություն են կիրառել ցուցարարների նկատմամբ, որոնք, այնուհետև, ինչ-որ ժամանակով փակել են Սարյան փողոցը։ Ինչպես հաղորդում է Epress.am-ի թղթակիցը, բախումների ժամանակ տուժել են մոտ 25 տարեկան մի երիտասարդ, ով կրծքավանդակի հատվածում հարված էր ստացել, և մի տարեց մարդ, ով սրտի հետ կապված խնդիրներ է ունեցել։ Երկուսին էլ հիվանդանոց են տեղափոխել։ 

Բացի սկզբում բերման ենթարկված 2 ակտիվիստից, ոստիկանությունը հետագայում ևս մոտ 15 մարդու է բերման ենթարկել, որոնցից մեկը ՀԱԿ ակտիվիստ Արեգ Գևորգյանն է։

Ակցիայի վայր ժամանած Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ որոշ դեպքերում ոստիկանները կարող են բռնի ուժ կիրառել, եթե ակտիվիստները «չեն ենթարկվում իրենց օրինական պահանջներին»։ Ներկաներից մեկը հորդորել է Օսիպյանին մտածել սեփական եղբորորդու մասին, ում անունը կապվում է դանակահարության հետ։

Փոխոստիկանապետը պատասխանել է, թե մեղքը ապացուցվելու դեպքում, ինքն անձամբ կուղարկի եղբորորդուն պատիժը կրելու։   

13։25 Այսօր էլեկտրաէներգիայի թանկացման առաջարկի դեմ բողոքի ակցիայի ընթացքում «Աշխատավորների շահերի պաշտպանություն» նախաձեռնությունը կոչ է արել Հայաստանի բնակիչներին օգոստոսի 1-ից չվճարել էլէներգիայի վարձերը։

Նախաձեռնությունը ակցիան կազմակերպել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի մոտ (ՀԾԿՀ)։ Հիշեցնենք, որ Հանձնաժողովը հաշվարկներ է արել՝ գտնելով, որ սակագինը պետք է բարձրանա 3.5 – 4 դրամով, քանի որ էլէներգիայի ոլորտում գործող տնտեսվարողները ֆինանսական խնդիրներ ունեն։

Այդ առնչությամբ ակցիայի մասնակիցներից մեկը բարձրացրել էր «Կներեք, մենք էլ ենք բանկերին պարտք» գրությամբ պաստառը։

Բացի դա, ակցիայի մասնակիցների պաստառների վրա գրված է․ «Ե՞րբ եք կշտանալու», «Վերջ տանք քոչվոր զավթիչների հարկահանությանը», «Փող տպելու ապարատս փչացել ա»։

Ակցիայի ընթացքում ոստիկանները ուժ են կիրառել բողոքողների դեմ, ովքեր փորձել են մոտենալ Հանձնաժողովի շենքի մուտքին։ Նրանք, կոպտորեն հրելով, հետ են շպրտել մարդկանց, ովքեր սկսել են վանկարկել՝ «Դուք էլ եք վճարելու», «Ազատ, անկախ ոստիկան»։

Մոտ երեք տասնյակ ակտիվիստները ոստիկաններից պահանջում են նման գործողությունների հիմքեր ներկայացնել՝ պնդելով, որ այլապես կնշանակի՝ Ոստիկանությունը քաոս է ստեղծում։ 

Ակտիվիստներից մեկը ՀՀ դրոշով ճեղքել է ոստիկանների պատը, մոտեցել Հանձնաժողովի մուտքին՝ գոռալով «պարոն Նազարյան (ՀԾԿՀ նախագահ – խմբ), դուրս եկեք»։ Այնուհետև ոստիկանները երկու ակտիվիստի բերման են ենթարկել՝ ուժով մտցնելով ոստիկանական ավտոմեքենան, սակայն ակտիվիստները շրջափակել են մեքենան և թույլ չեն տալիս, որպեսզի այն շարժվի՝ վանկարկելով՝ «ազատություն, ազատություն»։

Epress.am-ի թղթակիցը ակցիայի վայրից հայտնում է, որ կողքի շենքերից բնակիչները դույլերով ջուր են լցնում ոստիկանների վրա։