Home / Հայաստան / Երևանի փոխոստիկանապետի դեմ քրեական գործ չեն հարուցում․ ըստ ՀՔԾ-ի՝ առիթ չկա. Azatutyun.am

Երևանի փոխոստիկանապետի դեմ քրեական գործ չեն հարուցում․ ըստ ՀՔԾ-ի՝ առիթ չկա. Azatutyun.am

Իրավաբաններն ու իրավապաշտպաններն ապօրինություն և խայտառակություն են որակում Երևանի փոխոստիկանապետ, հանրային բողոքի ակցիաների ժամանակ առանցքային դերակատարություն ստանձնող Վալերի Օսիպյանի (լուսանկարում՝ աջից) եղբոր որդու մասնակցությամբ երեք օր առաջ տեղի ունեցած դանակահարության կապակցությամբ իրավապահների գործելաոճը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի կայքը։

Հիշեցնենք, որ Օսիպյանի եղբորորդուն մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, որը ենթադրում է 3-7 տարի ժամկետով ազատազրկում։ Սեդրակ Օսիպյանը հունիսի 1-ին, ժամը 22.30-ին Նուբարաշենի 11-րդ փողոցի թիվ 12 շենքի մոտ, վիճաբանության ժամանակ, դանակահարել է Վանուշ Ալեքսանյանին, ով այժմ գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում։ Օսիպյանն այժմ հետախուզման մեջ է։

Նուբարաշենի բնակիչ Սուսաննա Հովհաննիսյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Վալերի Օսիպյանն իրեն առաջարկել է, որ դանակահարության պատասխանատվությունը ստանձնի նրա որդին՝ Սարգիս Հովհաննիսյանը, որը ևս մասնակցել է հունիսի 1-ի վիճաբանությանը:

Վալերի Օսիպյանը, սակայն, «Ազատության» հետ զրույցում հերքել է դա ․ «Դա իրականությունը չէ, երկարամյա աշխատանքային փորձ ունեմ, բարձրաստիճան սպայի կոչում եմ կրում, այստեղ մարդ է պատժվելու, հետաքննություն արեք, թե ով է դրանում շահագրգռված»։

Ըստ իրավաբանների՝ Սուսաննա Հովհաննիսյանի հայտարարության հրապարակումից հետո անհապաղ, դեռ երեկ պետք է Հատուկ քննչական ծառայությունում հարուցվեր քրեական գործ: Քրեական գործ, սակայն, չի հարուցվել:

Թե ինչն է պատճառը, որ քրեական գործ չի հարուցվել իր ազգականի փոխարեն պատասխանատվությունն ուրիշի վրա բարդելու՝ Օսիպյանի առաջարկի մասին բարձրաձայնող հրապարակումից հետո, Հատուկ քննչական ծառայությանն ուղղված «Ազատության» գրավոր հարցին ի պատասխան նշված է. «Վալերի Օսիպյանին վերագրվող հայտարարության կապակցությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ չի հարուցվել, այդ մասին մամուլի հրապարակման կապակցությամբ քրեադատավարական բնույթի որևէ որոշում չի կայացվել` քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված առիթի և քրեական գործ հարուցելու հիմքերի բացակայության պատճառով»:

Մանրամասները՝ այստեղ