Home / Տեսանյութեր / Աղմկահարույց գործով մեղադրյալի շորերի վրա սպանվածի արյունը չի եղել

Աղմկահարույց գործով մեղադրյալի շորերի վրա սպանվածի արյունը չի եղել

15-ամյա Դավիթ Հովակիմյանի սպանության մեջ մեղադրվող Կարեն Կունգորցևի (լուսանկարում) շորերից վերցված արյան նմուշի փորձաքննությունը ցույց է տվել, որ շորերի վրա սպանվածի արյունը չի եղել: Այս մասին այսօր Epress.am-ին հայտնել է Կունգորցևի պաշտպան, Հելսինկյան ասոցիացիայի փաստաբան Արայիկ Պապիկյանը:

«Կարեն Կունգորցևի այն գրպանից էին վերցրել արյան նմուշը, որտեղ իբր եղել է այն դանակը, որով սպանվել է երիտասարդը: Փորձաքննությունը ցույց է տվել, որ այդ արյան նմուշն այլ արյան խմբի է եղել», – ասել է Պապիկյանը:

Փաստաբանը նշել է, որ փորձաքննության արդյունքները ստանալուց առաջ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուրեն Բաղդասարյանը հինգերորդ անգամ բավարարել է Կարեն Կունգորցևի կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգելու մասին քննիչի միջնորդությունը:

«Այս անգամ ևս քննիչը կալանքի ժամկետի երկարացնելը հիմնավորելու համար ոչ մի հիմնավոր փաստ կամ ապացույց չէր ներկայացրել։ Ըստ էության, քննիչը փոփոխում է միայն միջնորդության ամսաթիվը և copy-paste-ի միջոցով յուրաքանչյուր երկու ամիսը մեկ ներկայացնում նույն միջնորդությունը: Սկսած 2013 թվականի դեկտեմբերից՝ միջնորդության միակ հիմնավորումը փորձագիտական եզրակացության ստացումն է, ու այդ հիմնավորումն անփոփոխ է մնացել: Մենք մեկ անգամ բողոքարկել ենք դատարանի որոշումը, սակայն Վերաքննիչը մերժել է: Նորից բողոքարկելը իմաստ չունի: Դրանք նույն որոշումներն են, նույն հիմքով»,- ասել է Պապիկյանը:

Հիշեցնենք, որ Կարեն Կունգորցևը չի ընդունում իր մեղքը, իրավապաշտպաններն ու փաստաբանը մատնանշում են նախաքննության ընթացքում գրանցված խախտումների մասին։ Մեղադրյալը կալանքի տակ գտնվելու ընթացքում դիմել է ինքնավնասման, հացադուլ է իրականացրել: Մեղադրյալի մայրը նշել է, որ որդուն ծեծել են ոստիկանությունում՝ պահանջելով ընդունել մեղքը:

Գործի մասին մանրամասները՝ այստեղ