Home / Տեսանյութեր / Սպանության մեջ մեղադրվողի մայրը պնդում է, որ որդուն ծեծել են ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սպանության մեջ մեղադրվողի մայրը պնդում է, որ որդուն ծեծել են ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Վանաձոր մրցումների մեկնած, Երևան քաղաքի բնակիչ 15-ամյա Դավիթ Հովակիմյանի սպանության մեջ մեղադրվող Կարեն Կունգորցևի մայրը պնդում է, որ իր որդին անմեղ է: eTV-ի հետ զրույցում Կունգորցևի մայրը՝ Անահիտ Հարությունյանը, ասել է, որ որդուն ծեծի են ենթարկել ոստիկանության բաժնում՝ ստիպելով խոստովանել մեղքը, սակայն, մոր պնդմամբ, տղան երբեք չի ընդունի մի բան, որ չի արել: Նշենք, որ Կունգորցևը վերջերս էր համաներմամբ ազատվել:

Մայրը պատմել է նաև, որ իր որդու դեմ մեղադրանք է առաջադրվել միայն նրա համար, որ դեպքի օրը՝ հոկտեմբերի 12-ին, նա Վանաձորի Երկաթուղայինների այգու մոտով է անցել, և դա ֆիքսել են նաև տեսախցիկները: Մրցումների համար Վանաձոր գնացած երևանցի տղաները վիճել են տեղի թիմի տղաների հետ հենց այն այգում, որտեղ վեճի հետևանքով Հովակիմյանը դանակահարվել է:

Կունգորցևը ձերբակալվել է հենց դեպքի օրը՝ աշխատանքի վայրից, երեք օր պահվել է ոստիկանությունում, հետո տարվել է բանտ: Անահիտ Հարությունյանի խոսքով՝ ինքը որդուն երեկ տեսել է բանտում և հայտնաբերել է, որ նա կաղում էր: Տղան մորն ասել է, որ իրեն ծեծել են մի քանի ոստիկաններ:

Մոր հետ հանդիպման ժամանակ Կունգորցևը նրան նամակ է փոխանցել՝ խնդրելով հրապարակել: Նամակում մեղադրյալը գրում է, որ «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող ՀՀ ոստիկանության «Հերթապահ մաս» հաղորդման մեջ ցույց են տվել իր նկարը և ասել, թե Կունգորցևն իր մեղքն ընդունել է, մինչդեռ դա իրականությանը չի համապատասխանում:

Կունգորցևը նաև գրել է, որ ինքն անժամկետ հացադուլ է հայտարարել: Հացադուլի է նստել  նաև Միհրան Մելքոնյանը, որն իր հետ գտնվում է նույն խցում: