2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Աշոտյանը պնդում է, որ գիտի «Կրոնի պատմություն» առարկայի դեմ պայքարողներին, բայց անուններ չի տալիս

Հայաստանի կրթության բովանդակությունը որոշում է ՀՀ կառավարությունը, որը աշխատել է և խորացնելու է Հայ Առաքելական եկեղեցու հետ աշխատանքը, իսկ կրոնի դասավանդումը սկսվելու է նաև տարրական դպրոցում:

Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարել է Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե միջազգային զեկույցներում մտահոգություններ են արտահայտվել Հայաստանում կրոնի պատմության առարկայի դասավանդման շուրջ:

«Ցավոք, այդ միտքը զեկույցում հայտնվել է իրենց քաղաքացիական ակտիվիստներ համարող, հայկական արմատներ ունեցող, սակայն արևմտյան արժեքներ կրող, գրանտային կազմակերպություններից ֆինանսավորվող մարդկանց կողմից», - ասել է Աշոտյանը:

Նա հորդորել է պատգամավորներին այդ հարցին այլևս չանդրադառնալ, քանի որ աղմուկը արհեստական է, և «հայ հասարակությունը դեմ չէ եկեղեցու պատմության դասավանդմանը»:

«Ես գիտեմ՝ ով է դրա դեմ պայքարել, ինչքան փող է ստացել դրա համար: Սակայն այս բարձր ամբիոնից չեմ ուզում անուններ տալ, քանի որ սա բարձր ամբիոն է: Մեր համագործակցությունը Հայ Առաքելական եկեղեցու հետ անբեկանելի է, ինչպես անբեկանելի է Պաշտպանության նախարարության հետ: Որևէ նահանջ քայլ չենք անելու», - ասել է Աշոտյանը:

Նախարարը միջազգային զեկույցներ պատրաստողներին խորհուրդ է տվել ուշադրություն դարձնել հարևան երկրի՝ Ադրբեջանի դպրոցներում օգտագործվող դասագրքերին, որտեղ, Աշոտյանի խոսքով, այլատյացություն է քարոզվում։

Նշենք, որ կրոնի պատմության առարկային անդրադարձ էր եղել ԱՄՆ Պետդեպի 2013 թվականի զեկույցում։

«Օրենքով սահմանվում է, որ հանրակրթական դպրոցներում ուսուցումն աշխարհիկ է: Այնուհանդերձ, Հայաստանյայց առաքելական եկեղեցու պատմությունը ներառված է հանրակրթական առարկայացանկում և դասավանդվում է հանրակրթական դպրոցի ուսուցիչների կողմից: Եկեղեցին իրավունք ունի մասնակցել այդ առարկայի ուսումնական ծրագրի և դասագրքերի մշակմանը, այն դասավանդող ուսուցիչների որակավորման պահանջների սահմանմանը: Եկեղեցին կարող է նաև առարկան դասավանդող ուսուցիչների թեկնածություններ առաջադրել: Առարկան պարտադիր է. աշակերտները չեն կարող չհաճախել այդ առարկայի դասերին, և այլ կրոնական խմբերի աշակերտների համար առկա չեն այլընտրանքներ», - ասված էր զեկույցում: