Home / Հայաստան / Հայկական դպրոցներում կրոնի դասավանդումը և «Մեկ ազգ»-ի թերթոնները՝ Պետդեպի զեկույցում

Հայկական դպրոցներում կրոնի դասավանդումը և «Մեկ ազգ»-ի թերթոնները՝ Պետդեպի զեկույցում

Հայաստանի Սահմանադրությունը պաշտպանում է կրոնական ազատությունը, սակայն որոշ օրենքներ և հայեցակարգեր սահմանափակում են այն: Այս մասին ասված է ԱՄՆ Պետդեպի 2012 թվականի կրոնական ազատությունների մասին միջազգային զեկույցի` Հայաստանին վերաբերող հատվածում:

Պետդեպը նշում է, որ Սահմանադրությունը և օրենսդրությունը սահմանում են եկեղեցու և պետության տարանջատումը, սակայն ճանաչում են «Հայաստանյայց առաքելական եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում»:

Օրենքով սահմանվում է, որ հանրակրթական դպրոցներում ուսուցումն աշխարհիկ է: Այնուհանդերձ, Հայաստանյայց առաքելական եկեղեցու պատմությունը ներառված է հանրակրթական առարկայացանկում և դասավանդվում է հանրակրթական դպրոցի ուսուցիչների կողմից: Եկեղեցին իրավունք ունի մասնակցել այդ առարկայի ուսումնական ծրագրի և դասագրքերի մշակմանը, այն դասավանդող ուսուցիչների որակավորման պահանջների սահմանմանը: Եկեղեցին կարող է նաև առարկան դասավանդող ուսուցիչների թեկնածություններ առաջադրել: Առարկան պարտադիր է. աշակերտները չեն կարող չհաճախել այդ առարկայի դասերին, և այլ կրոնական խմբերի աշակերտների համար առկա չեն այլընտրանքներ: Բացի դա, օրենքը Հայաստանյայց առաքելական եկեղեցուն իրավունք է շնորհում կազմակերպել կրոնի ուսուցման կամավոր արտածրագրային դասընթացներ պետական կրթական հաստատություններում: Մյուս կրոնական խմբերը կարող են իրենց անդամներին կրոնի դասեր տալ իրենց պատկանող հաստատություններում», – ասված է զեկույցում:

Պետդեպը նաև անդրադարձ է կատարում հուլիսին «Համագործակցություն հանուն ժողովրդավարության կենտրոն» հասարակական կազմակերպության հրապարակած հանրակրթական դպրոցներում կրոնական կրթության վերաբերյալ զեկույցին, որը եզրակացնում է, որ Հայաստանյայց առաքելական եկեղեցու պատմություն առարկայի ուսումնական ծրագիրն ու դասագրքերը ավելի շատ միտված են եկեղեցու հավատքին, քան եկեղեցու պատմությանը:

Զեկույցի հեղինակները նշում են, որ Հայաստանում օրենքը թույլ է տալիս խղճի նկատառումներով զինվորական ծառայությունից խուսափող անձանց, պետական թույլտվությամբ, երկու տարի տևողությամբ մարտական զինվորական ծառայության փոխարեն անցնել 36 ամիս տևողությամբ ոչ-մարտական զինվորական կամ 42 ամիս տևողությամբ աշխատանքային ծառայություն: Օրենքը նաև քրեականացնում է այլընտրանքային աշխատանքային ծառայությունից խուսափելը:

Պետդեպն ընդգծում է, որ 2012-ի ընթացքում եղել են հաղորդումներ երկրում կրոնական ազատության չարաշահումների մասին, այդ թվում նաև ազատազրկում: Գրանցված կրոնական խմբերի գերակշիռ մասը նշում են, որ իրենց գործունեության հետ կապված զգալի իրավական սահմանափակումներ չեն եղել:

«Խղճի նկատառումներով զինվորական ծառայությանը դեմ անձանցից շատերն անընդունելի են համարում այլընտրանքային աշխատանքային ծառայության հանդեպ զինվորական հսկողությունը: Ըստ Եհովայի վկաների` տարվա ընթացքում զինվորական և այլընտրանքային ծառայությունից խուսափելու համար դատապարտվել են 8 Եհովայի վկաներ, ովքեր կրում էին իրենց պատիժը: Ութից 4-ը դատապարտվել են ազատազրկման 24 ամիս ժամկետով, իսկ մնացած 4-ը` 30 ամիս ժամկետով:

15 Եհովայի վկաներ դատապարտվել էին և ստացել 24 կամ 30 ամսյա ազատազրկման վճիռներ, սակայն նրանք դեռ գտնվում էին ազատության մեջ` սպասելով բողոքարկման արդյունքներին: Նմանատիպ մեղադրանքներով ևս 17 հոգու նկատմամբ կային գործեր, որոնք դեռևս քննության մեջ էին գտնվում, իսկ 9-ը հոգու դեմ հարուցված գործերն արդեն ընթացքի մեջ էին առաջին ատյանի դատարաններում: Եհովայի վկաների հաղորդմամբ տարեվերջի դրությամբ կրոնական նկատառումներով Պաշտպանության նախարարության ներքո ընթացող զինվորական կամ այլընտրանքային աշխատանքային ծառայությունից հրաժարված Եհովայի վկաների 31 անդամներ գտնվում էին բանտում:

Կառավարությունը Հայաստանյայց առաքելական եկեղեցու 20 հոգևորականների ազատել է պարտադիր զինվորական ծառայությունից, իսկ հոգևոր ճեմարանի 85 ուսանողների համար տրվել է զինվորական ծառայության տարկետման իրավունք:

Պետդեպի զեկույցի հեղինակները հիշեցնում են, որ հոկտեմբերի 23-ին «Իրավունքի» նախկին գլխավոր խմբագիրը, ով ներկայումս Ազգային ժողովի պատգամավոր է (Հայկ Բաբուխանյան), հայտարարություններ է արել, որոնցում «Կյանքի խոսք» եկեղեցուն բնութագրում էր որպես «ապօրինի և հակահասարակական գործունեություն իրականացնող տոտալիտար աղանդ»:

«Լրատվամիջոցի կայքում կա հղում, որը վերնագրված է «STOP կյանքի խոսք»:

Օտարերկրյա կրոնական խմբերի արտաքին ֆինանսավորման արգելքը կառավարության կողմից չի իրականացվել:

Երևանի քաղաքապետարանը որոշակի ջանքեր գործադրեց քաղաքով մեկ պատերին ու սյուներին փակցված փոքրամասնական կրոնական խմբերին դատապարտող թերթոններն ու պաստառները մաքրելու ուղղությամբ: «Մեկ ազգ կուսակցություն» անվամբ հանդես եկող խմբի կողմից փակցվող նյութերը շարունակում էին վերստին հայտնվել, և ըստ հաղորդումների, խումբը իրականացնում էր նաև թերթոնների առձեռն բաժանում՝ մետրոյի կայարաններում և բնակելի շենքերում», – նշում են զեկույցի հեղինակները՝ ընդգծելով, որ շատ լրատվամիջոցներ հանդես են բերել կողմնակալություն ընդդեմ փոքրամասնական կրոնական խմբերի:

Համաձայն զեկույցի, հեռարձակող լրատվամիջոցների գերակշիռ մասը պատկանում էին իշխանական կուսակցության քաղաքական գործիչներին կամ քաղաքական կապեր ունեցող գործարարներին: Լրատվամիջոցները հրապարակել են ոչ ճշգրիտ հոդվածներ, որտեղ կրոնական փոքրամասնություններին ներկայացրել են որպես հանցագործներ և լրտեսներ: Սակայն տեղական դիտորդները և կրոնական խմբերը նշում են, որ կրոնական փոքրամասնությունների մասին լուսաբանումը նախորդ տարվա համեմատ նվազ վիրավորական է եղել: