Home / Հայաստան / Դատապարտյալը ինքնավնասման է դիմել դատարանի դահլիճում

Դատապարտյալը ինքնավնասման է դիմել դատարանի դահլիճում

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը երեկ քննել է «Արթիկ» ՔԿՀ-ում պատիժը կրող դատապարտյալ Արտակ Հակոբյանի բողոքը, որով նա պահանջում էր վերացնել ՔԿՀ-ի որոշումը՝ իրեն հասանելիք մեկշաբաթյա մեկնում տրամադրելը մերժելու մասին:

Արտակ Հակոբյանը համոզված է, որ իրեն մեկնման իրավունքից զրկում են, քանի որ ինքը բողոք է ներկայացրել ՀՔԾ, որն էլ քրեական գործ է հարուցել ««Արթիկ» ՔԿՀ-ի ժամանակավոր պետի տեղակալ Աղասի Խաչատրյանի և սոցիալ-հոգեբանական բաժնի պատասխանատու Ռոբերտ Պետոյանի դեմ: Նշենք, որ երկու պաշտոնյաների դեմ Հայոբյանը բողոքել է՝ հայտարարելով, որ իրեն սպառնացել են թունավորել, եթե  փորձի բողոքել ՔԿՀ-ում տեղի ունեցող խոշտանգումների, կոռուպցիայի դեպքերի մասին: 

Երեկվա նիստում, երբ Արտակ Հակոբյանը բողոքարկում էր ՔԿՀ-ի որոշումը, միջադեպ է տեղի ունեցել: Ինչպես Epress.am-ին հայտցնել է Հակոբյանի կինը՝ Հայաստան Հակոբյանը, իր ամուսինը ինքնավնասման փորձ է արել հենց դատարանի դահլիճում: Պատճառն այն է, որ դատավոր Աշոտ Մանուկյանը հաշվի չի առել Հակոբյանի՝ դատավորին տված ինքնաբացարկը և շարունակել է դատական նիստը:  Հայաստան Հակոբյանի խոսքով՝ իր ամուսինը ինքաբացարկ է հայտարարել, քանի որ համոզված է, որ դատավորն անկողմնակալ չէ. մեկ անգամ արդեն վերջինս անօրեն որոշում կայացրել է Հակոբյանի դեմ, իսկ այս նիստն էլ նշանակել է հենց «Արթիկ» ՔԿՀ-ում, ինչը, ըստ Հակոբյանի, պայմանավորված է նրանով, որ  դատավորը հանցավոր կապի մեջ է ՔԿՀ-ի պաշտոնյաների հետ:

Արտակ Հակոբյանը գլխով խփել է սեղանին, ջարդել է աթոռը, և երբ նրան հեռացրել են դատական նիստերի դահլիճից, մեխով վնասել է ոտքը: Հակոբյանի մոտ է գնացել դատախազ Հայկ Հակոբյանը, ով նրան համոզել է հեռացնել մեխը ոտքից և խոստացել է միջնորդել, որպեսզի դատական նիստը կայանա Գյումրիի դատարանում:

Նշենք, որ Հակոբյանը խուլիգանության հոդվածով դատապարտվել է 5,5 տարվա ազատազրկման, որից 3,5 տարին արդեն անցկացրել է բանտում: Հոկտեմբերի 3-ին ԱԺ-ի կողմից ընդունված համաներման որոշմամբ՝ Հակոբյանի պատիժը կրճատվել է 1 տարով: