Home / Տեսանյութեր / Դատապարտյալ. Ինձ խոշտանգել են ու չեն ազատել բանտի պետի տեղակալի դեմ բողոքելու համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Դատապարտյալ. Ինձ խոշտանգել են ու չեն ազատել բանտի պետի տեղակալի դեմ բողոքելու համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը երեկ քննել է «Արթիկ» ՔԿՀում պատիժը կրող դատապարտյալ Արտակ Հակոբյանի դիմումը, որով վերջինս պահանջում էր վերացնել ՔԿՀների վարչության հանձնաժողովի՝ իրեն վաղաժամ ազատելու դիմումը մերժելու մասին որոշումը:

Դատապարտյալը պնդում է, որ իրենից վրեժ են լուծում՝ կալանքի տակ պահելով, թեև նա պատժի երկու երրորդը կրել է և կարող է վաղաժամ ազատ արձակվել: Ըստ Հակոբյանի՝ վրեժի պատճառն այն է, որ իր ցուցմունքների հիման վրա համակարգի բարձրաստիճան պաշտոնյաներ են ձերբակալվել՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի տեղակալ Դավիթ Մուրադյանը և նույն ՔԿՀ-ի ևս մեկ աշխատակից: Հանձնաժողովը մերժել է վաղաժամ ազատման դիմումը՝ պատճառաբանելով, որ Հակոբյանի ազատ արձակման ռիսկայնությունը բարձր է, նա ունի ինքնավնասման հակում, իսկ դատապարտյալի ուղղման գործընթացը հանձնաժողովի անդամները գնահատվել են որպես վատ:

Հիշեցնենք, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի տեղակալ Դավիթ Մուրադյանը ձերբակալվել էր այս տարվա մայիսին Արտակ Հակոբյանից 14 հազար դոլար կաշառք ստանալու համար: 

Իր բողոքի քննության ժամանակ Հակոբյանը երեկ դատարանում հայտարարել է,  որ այդ պատճառաբանությունը շինծու է:

««Արթիկ» ՔԿՀ-ի ժամանակավոր պետի տեղակալ Աղասի Խաչատրյանը և սոցիալ-հոգեբանական բաժնի պատասխանատու Ռոբերտ Պետոյանն ինձ ասել են՝ քո պատճառով համակարգից երկու լուրջ մարդ է ձերբակալվել, եթե մենք քեզ բնութագրենք դրական, մեր հերը կանիծեն: Ինչ վերաբերում է իմ ինքնավնասումերին, ապա ինձ շորթել են, կաշառք են ուզել, վերցրել ու խաբել են: Ո՞վ իմ տեղը լիներ չէր ինքնավնասվի, ես մի մեշոկ փող եմ քցվել: Ես չեմ հերքում՝ Հրազդանում (նկատի ունի «Հրազդան» ՔԿՀ-ի խուցը – խմբ.) ես վառել են ամեն ինչ, ինքնավնասման փորձ եմ արել ու խնդրել եմ, որ ինձ տանեն «Նուբարաշեն», քանի որ պետի տեղակալի հետ խնդիրներ ունեմ: Փետրվարի 11-ից տեղափոխել են «Արթիկ» ՔԿՀ, անմարդկային պայմաններում ինձ պահել են պատժախցում 4 ամիս, քանի որ ցանկանում էին կաշառակեր Դավիթ Մուրադյանի գործը կոծկել»:,- դատարանում հայտարարել է Արտակ Հակոբյանը:

Դատապարտյալը, սակայն, ասել է, որ թեև Մուրադյանը կալանավորվել է, նրա ընկերները՝ ազատության մեջ են, դրանց թվին է պատկանում նաև Աղասի Խաչատրյանը և Ռոբերտ Պեպոյանը: Արտակ Հակոբյանը նաև նշել է, որ Խաչատրյանն ու Պետոյանն իրեն սպառնացել են թունավորել:

Ինչպես Epress.am-ին հայտնել է դատապարտյալի  կինը՝ Հայաստան Հակոբյանը, Մուրադյանին 14 հազար դոլար կաշառքը տալուց հետո էլ Արտակ Հակոբյանին չեն տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ և վաղաժամ չեն ազատել, ինչպես պայմանավորված է եղել, դատապարտյալն էլ դիմել է ինքնավնասման՝ 2012 թվականի դեկտեմբերին կարելով աչքերը: Այդ քայլից հետո նրան խոշտանգել են, հետագայում նրան տեղափոխել են ոչ թե հիվանդանոց, այլ «Հրազդանի» ՔՀԿ, որտեղից էլ՝ «Արթիկ» ՔԿՀ և չորս ամիս պահել պատժիչ խցում:

Անկախ նշված հանգամանքներից՝ դատարանը նախագահող Աշոտ Մանուկյանի գլխավորությամբ մերժել է դատապարտյալի դիմումը և չի վերացրել նրա ազատ արձակումը մերժելու մասին հանձնաժողովի որոշումը:

Նշենք, որ Հակոբյանը խուլիգանության հոդվածով դատապարտվել է 5,5 տարվա ազատազրկման, որից 3,5 տարին արդեն անցկացրել է բանտում: Հոկտեմբերի 3-ին ԱԺ-ի կողմից ընդունված համաներման որոշմամբ՝ Հակոբյանի պատիժը կրճատվել է 1 տարով: