Home / Տեսանյութեր / Նախագահականի մոտ պահանջեցին բացահայտել Հրաչ Մուրադյանի սպանությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Նախագահականի մոտ պահանջեցին բացահայտել Հրաչ Մուրադյանի սպանությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Հրաչ Մուրադյանին սպանել է պետությունը», «Պահանջում են բացահայտել հանցագործություն ու պատժել իրական մեղավորներին» կոչերով այսօր նախագահական նստավայրի դիմաց բողոքի ակցիա են անցկացրել Պռոշյան համայնքի մի քանի տասնյակ բնակիչներ, ՀՅԴ ներկայացուցիչներ ու քաղաքացիական նախաձեռնությունների անդամներ և ազատամարտիկներ:

Իրենց խոսքում հավաքվածները նշել են, որ 2010-ին ազատամարտիկ, ՀՅԴ-ական Հրաչ Մուրադյանի դեմ ուղղված մահափորձը, 2011-ին Պռոշյանի գյուղապետարանի վրա հարձակումն իրենց հանգուցալուծումն են գտել 2013 թվականի ապրիլի 2-ին՝ Մուրադյանի սպանությամբ, և մինչ օրս իշխանությունների թողտվության պայմաններում հանցագործություններից և ոչ մեկը չի բացահայտվել:

Սպանված գյուղապետի համակիրները դժգոհ են շուրջ 7 ամիս ընթացող քննությունից  ու կարծիք են հայտնել, որ գործը չբացահայտելուն նպաստում են հանցագործությունն «իրականցրած ուժերը»:

Ակցիայի մասնակիցները նամակ են հանձնել նախագահական նստավայրի նամակների բաժին և Սերժ Սարգսյանից պահանջել սպանության բացահայտման գործը վերցնել անմիջական հսկողության տակ և ապահովել ամբողջական ու բազմակողմանի քննություն:

Еpress.am-ի թղթակցի հետ զրույցում ակցիայի մասնակից պռոշյանցիներից շատերն ասել են, թե վախենում են խոսել տեսախցիկների առաջ, քանի որ  իրենց մշտապես ահաբեկում ու սպառնում են:

«Բոլորն էլ վախենում են, ինչու չէ: Էսօր կարան մեզ էլ սպանեն: Հենա՝ ուժերը եկել են (նկատի է ունեցել ոստիկաններին-խմբ.), իբր կանգնածները քիչ են, հենց նոր ռացիայով հայտնեցին, ասում էին՝ «մոտեցնե՞նք, թե չէ»: Թող գնդակահարեն, պրծնենք, իմանան՝ վերջին հայերն էլ կոտորվեցին ու վերջ: Մեր պետությանը հետաքրքիր չի հերոսների մահը», – ասել է Մուրադյանի ընկեր Ալեքսան Սմբատյանը: Նա նաև հավելել է, թե սպառնալիքները միայն Պռոշյանում չեն՝ «Հայաստանում ապրելն արդեն սպառնալիք է»:

Սմբատյանն ասել է, որ նախագահականին չի վստահում, ուստի Բաղրամյան 26 է եկել պետությանը ամոթանք տալու համար: