Home / Հայաստան / Պռոշյանի գյուղապետի սպանությունը. կրակողը պրոֆեսիոնալ էր. թերթ

Պռոշյանի գյուղապետի սպանությունը. կրակողը պրոֆեսիոնալ էր. թերթ

Պռոշյան գյուղում վերջին նախագահական ընտրությունների ժամանակ լարվածություն է եղել, իսկ տարիներ առաջ գյուղում երթուղային տաքսու գծի շուրջ ծագած վեճը ավարտվել է սպանությամբ: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ անդրադառնալով Պռոշյան գյուղի ՀՅԴ-ական գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանությանը: «ՀԺ»-ն նշում է, որ Պռոշյանում վերջին տարիներին գործում է երկու խմբավորում՝ հանրապետականների և դաշնակցականների:

«Գյուղում ակտիվորեն շրջանառվող խոսակցությունների համաձայն, ընտրությունների ժամանակ հանրապետականներն անընդհատ փորձել են կեղծել դրանք, ինչին մի որոշ ժամանակ դիմադրել են դաշնակցականները: Սակայն մի ինչ-որ պահից սկսած այդ դիմադրությունը դադարել է, և քվեարկությունն ընթացել է խայտառակ խախտումներով՝ բազմակի քվեարկություններ, լցոնումներ և այլն: Բայց նույնիսկ այդ պայմաններում Րաֆֆի Հովհաննիսյանի հավաքած ձայները զգալիորեն գերազանցել են Սերժ Սարգսյանի ստացած ձայներին: Տեսնելով սա՝ ձայների հաշվարկի ժամանակ, Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին տրված ձայներով քվեաթերթիկները ուղղակի դրվել են Սերժ Սարգսյանի տրցակի վրա, և վերջինս պաշտոնական արդյունքներով այդ գյուղում հաղթել է», – նշում է թերթը:

ՀԺ-ն գրում է, որ, ըստ մամուլի հրապարակումների, երկու կողմերի միջև կռվի առիթը եղել է այն, որ վերընտրված գյուղապետ Հրաչ Մուրադյանի հաղթանակը տոնելու առիթով կազմակերպված արարողության ժամանակ, գյուղապետի հարազատներից մեկը իր մոտ է կանչել արարողության ժամանակ այդտեղ եղած մի երեխայի, ով պարզվել էր, որ գյուղապետի արդեն պարտված թեկնածուի շրջապատի մարդկանցից մեկի երեխան էր, և վերջինիս միջոցով պարտված թեկնածուին հայհոյանք էր փոխանցել:

«Ինչ վերաբերում է սպանության կատարմանը, ապա պետք է հիմնավոր համարել շրջանաովող այն վարկածը, որ գործել է պրոֆեսիոնալ մարդասպան: Խնդիրն այն է, որ սպանության պահին գյուղապետից ոչ հեռու գտնվող մարդիկ կրակոցի ձայներ չեն լսել: Իսկ դա նշանակում է, որ կամ մարդասպանը կրակել է հեռվից, կամ հրազենը եղել է խլացուցիչով: Երկու դեպքում էլ դա պրոֆեսիոնալի ձեռագիր է: Մեր ունեցած տեղեկություններով՝ գյուղապետին խոցած գնդակը եղել է 56մմ տրամաչափի: Ամենատարածված զենքերը, որոնցից կրակում են այդ տրամաչափի գնդակով, «ՏՕԶ» և «Ուրալ» տեսակի հրացաններն են: Ըստ իրավապահների նախնական դիտարկումների, մարդասպանը կրակել է 200-250 մետր հեռավորությունից: Հենց այդքան է կազմում «ՏՕԶ» և «Ուրալ» հրացանների նշանառու կրակի առավելագույն հեռավորությունը: Սակայն այդ հեռավորությունից մեկ կրակոցով խոցել թիրախին, այն էլ գլխից, կարող են միայն պրոֆեսիոնալները: Նշենք, որ 5.6 տրամաչափի փամփուշտներ օգտագործում են նաև «ՍՎ 99», «ԲԻ-6», «Մի Չեթ-452», «Մարլին» և մի քանի այլ հրացաններ, որոնց տեխնիկական տվյալները առանձնապես չեն տարբերվում «ՏՕԶ»-ից և «Ուրալից», սակայն մեծ տարածում չունեն Հայաստանում: Թե ինչ զենքից են կրակել, և ինչ հեռավորությունից, թերևս կպարզի փորձաքննությունը, բայց ուշագրավ է, որ մի ոչ այնքան մեծ գյուղում, որտեղ բոլորը ճանաչում են իրար, մարդասպանը կարողացել է աննկատ հեռանալ: Սա ևս լրացուցիչ հիմքեր է տալիս պնդելու, որ մարդասպանը գործել է հեռվից: Հակառակ դեպքում մարդասպանը հենց նույն գյուղից է: Ըստ մեկ այլ վարկածի, մարդասպանը կրակել է գյուղապետարանի դիմաց գտնվող բնակելի երկու հարկանի շենքից: Մեր թղթակիցը նկատել է, որ այդ շենքի երկրորդ հարկի պատուհաններից երկուսը վերանորոգված են, իսկ մեկը ջարդված: Ավելացնենք նաև, որ, ըստ մեր ունեցած տեղեկությունների, իրավապահները երեկվա ուշ երեկոյի դրությամբ դեռ ոչ մի «զացեպկա» չունեին», – գրում է թերթը: