Home / Տեսանյութեր / Դատարանում պատմել են՝ ինչպես են ոստիկանները ծեծել ՀԱԿ ակտիվիստներին

Դատարանում պատմել են՝ ինչպես են ոստիկանները ծեծել ՀԱԿ ակտիվիստներին

Հայ Ազգային Կոնգրեսի 7 ակտիվիստներին, որոնք 2011 թվականի օգոստոսի 9-ին բերման էին ենթարկվել Կարապի լճի մոտից, ոստիկանները ծեծի են ենթարկել թե՛ դեպքի վայրում, թե՛ ոստիկանական բաժնում: Այս մասին այսօր Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գևորգյանի և Դավիթ Քիրամիջյանի գործով դատական նիստի ժամանակ, Վերաքննիչ դատարանում պատմել է Սահակ Մուրադյանը: Վերջինս վերոնշյալ անձանց հետ նույնպես բերման էր ենթարկվել: Մուրադյանի, Արեգ Գևորգյանի և Վահագն Գևորգյանի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվել էր, իսկ մյուս 4 ակտիվիստներն ազատազրկման էին դատապարտվել:

2011 թվականից բանտում է Տիգրան Առաքելյանը, մյուս երեք ակտիվիստները սպասում են Վերաքննիչ դատարանի վճռին:

Այսօր դատարանում Մուրադյանը, ներկայացնելով դեպքի մանրամասները, պատմել է, որ օգոստոսի 9-ին ինքը՝ ՀԱԿ մի քանի ակտիվիստների հետ Կարապի լճի մոտ նկատել է մեկ ուղղությամբ շարժվող մարդկանց: Նույն ուղղությամբ գնալով՝ Մուրադյանը տեսել է, որ Տիգրան Առաքելյանը և Արտակ Կարապետյանը գետնին են տապալված և յուրաքանչյուրի գլխավերևում մի քանի ոստիկաններ բռնել են երիտասարդների ոտքերից և ձեռքերից: Այդ ընթացքում ոստիկանները նաև հարվածներ են հասցրել Տիգրան Առաքելյանին:

Մուրադյանի խոսքով՝ ոստիկանները նաև մատնացույց են արել իրենց ու բղավել են, թե «սրանք էլ են լևոնական»: Դեպքի վայրից 7 ակտիվիստի են բերման ենթարկել. արդեն ոստիկանական մեքենայում Մուրադյանին հարվածել են: Նա նկատել է, որ Քիրամիջյանի դեմքին թարմ վերք է ու արյուն է հոսում: Մեքենայում Քիրամիջյանին նույնպես հարվածել են, պատմել է Մուրադյանը:

Բաժնում երկար ժամանակ թույլ չեն տվել, որպեսզի երիտասարդների մոտ փաստաբան գա: Մուրադյանի խոսքով՝ այդ ընթացքում վատացել է Տիգրան Առաքելյանի ինքնազգացողությունը, նա 3 անգամ հետ է տվել: երիտասարդները խնդրել են բժիշկ կանչել, շտապօգնությունը ժամանել է մոտ 1 ժամ անց, և արձանագրել է իրենց մոտ եղած վնասվածքների փաստը:

Մուրադյանը նաև տեսել է, թե ինչպես են ոստիկանական բաժնում ծեծել Արտակ Կարապետյանին: Երիտասարդները փորձել են միջամտել, նրանց միմյանցից առանձնացրել են:

Այս պահին դատական նիստը շարունակվում է: