Home / Հայաստան / Դատավորը բավարարեց դատախազի պահանջը. Տիգրան Առաքելյանին` 6 տարի

Դատավորը բավարարեց դատախազի պահանջը. Տիգրան Առաքելյանին` 6 տարի

Անցյալ տարվա օգոստոսից անազատության մեջ գտնվող Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստ Տիգրան Առաքելյանը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման:

Այսօր Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում նման վճիռ է կայացրել դատավոր Գագիկ Պողոսյանը:

Հիշեցնենք, որ մեղադրող դատախազ Հակոբ Մարտիրոսյանն Առաքելյանի համար հենց այդքան տարի էր պահանջել:

Մյուս երկու ակտիվիստի դեպքում դատավորը նույնպես բավարարել է դատախազի պահանջը:

Այսպիսով, Արտակ Կարապետյանը դատապարտվել է 3 տարի 5 ամիս 19 օրվա ազատազրկման, քանի որ անցյալ տարի Արտակ Կարապետյանը 11 օր անցկացրել է անազատության մեջ և հետո ազատ արձակվել չբացակայելու ստորագրության դիմաց:

Դատավորի կարծիքով` Սարգիս Գևորգյանը պետք է անազատության մեջ գտնվի 1 տարի 11 ամիս 20 օր (10 օրն անցկացրել է անազատության մեջ անցյալ տարի):

Ինչ վերաբերում է Դավիթ Քիրամիջյանին, ապա դատախազը նրա համար պահանջել էր  2 տարվա պայմանական ազատազրկում, սակայն դատավորը դատարանի դահլիճում պայմանական բառը չի ընթերցել` ասելով, որ Քիրամիջյանը դատապարտվում է 2 տարվա ազատազրկման: Փաստաբան Ստեփան Ոսկանյանն այդ առնչությամբ նշել է, որ կամ թյուրիմացություն է տեղի ունեցել, կամ դատավորը ավելի խիստ պատիժ է նշանակել: Դա հայտնի կդառնա վճռի տեքստը ստանալուց հետո:

Վճիռը ուժի մեջ է մտնելու 1 ամիս անց: Ակտիվիստների փաստաբաններն արդեն հայտարարել են, որ բողոքարկելու են վճիռը:

Դատարանի շենքի մոտ հավաքված ակտիվիստների աջակիցները վճռի հրապարակումից հետո վանկարկում էին «Ամոթ», «Ազատություն», «Խայտառակություն»:

Հիշեցնենք, որ միջադեպը տեղի է ունեցել նախորդ տարվա օգոստոսի 9-ին Կարապի լճի մոտ: Կենտրոնի բաժին բերման էին ենթարկվել Հայ Ազգային Կոնգրեսի 7 ակտիվիստներ` Տիգրան Առաքելյանը, Սարգիս Գևորգյանը, Արեգ Գևորգյանը, Արտակ Կարապետյանը, Սահակ Մուրադյանը, Դավիթ Քիրամիջյանը և Վահագն Գևորգյանը:

Երիտասարդներից 4-ի մասով գործն ավարտվել էր և ուղարկվել դատարան, մյուս երեք երիտասարդների մասով գործը դեռևս գտնվում է ՀՔԾ-ում: Վեց երիտասարդները ստորագրությամբ ազատ էին արձակվել, Տիգրան Առաքելյանը մինչ այժմ գտնվում է անազատության մեջ:

Ըստ ոստիկանության միջադեպը սկսել էր այն բանից, երբ ոստիկանները մի երիտասարդի հորդորել էին շանը ման տալ դնչկալով և Տիգրան Առաքելյանը միջամտել էր նրանց գործողություններին: Երիտասարդների պնդմամբ` միջադեպը սկսվել էր ոստիկանների սադրիչ գործողությունների հետևանքով, իսկ իրենք ծեծի էին ենթարկվել:

Պաշտպանական կողմը մեղադրողների և դատարանի գործողությունները որակել է որպես խայտառակություն, իսկ մեղադրանքը` շինծու: