Home / Հայաստան / Գասպարիի տան դիմաց թրիք են դրել. նա ոստիկանապետից պահանջում է բաց գործել (ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ)

Գասպարիի տան դիմաց թրիք են դրել. նա ոստիկանապետից պահանջում է բաց գործել (ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ)

Քաղաքացիական ակտիվիստ, իրավապաշտպան Վարդգես Գասպարին այսօր իր բնակարանի դռան դիմաց մի կույտ թրիք է հայտնաբերել: Epress.am-ի հետ զրույցում նա համոզմունք է հայտնել, որ այդ թրիքի հայտվելն անմիջական կապ ունի երեկ նախագահական նստավայրի մոտ իր անցկացրած ակցիայի հետ, որը շարունակություն էր օրեր առաջ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի տան մոտ ակցիայի:

Վարդգես Գասպարին որոշել էր ոստիկանապետի տան ակցիա անցկացնել այն բանից հետո, երբ հունիսի 29-ին «Հարսնաքար» ռեստորանի մոտ ոստիկանները խոչընդոտել էին նրա բողոքը և բերման ենթարկել:

Ոստիկանապետի տան մոտ անցկացրած ակցիայից հետո Գասպարիի տան վրա անհայտ անձինք լոլիկներ ու ձվեր էին նետել, ինչից հետո էլ նա որոշել էր ակցիա անել նախագահի տան, ապա նախագահական նստավայրի մոտ: Հենց դրանից հետո էլ անհայտ մարդիկ թրիքը բնակարանի դիմացն էին թողել:

«Իբր իրենք ինձ պատասխանում են նույն մեթոդով՝ քաղաքացիական ակցիայով: Բայց ես, իմ քաղաքացիական պահանջը անելով, ներկայանում եմ, իմ դեմքը ցույց եմ տալիս, ոչ թե թաքուն լոլիկներով հարվածում կամ աղբ թողնում ու հեռանում: Դա գողական արարք է, ոչ թե քաղաքացիական»,- այսօր Epress.am-ի հետ զրույցում ասել է Գասպարին:

Այսօր առավոտյան իր տան մոտ թրիք տեսնելով՝ ակտիվիստը զանգահարել է նախագահական նստավայր և ոստիկանություն՝ պահանջելով, որպեսզի գան, թրիքը հավաքեն: Գասապարին ասել է, թե ինքը չգիտի՝ ով զբաղվեց այդ հարցով, սակայն թրիքը մաքրել են: Ակտիվիստը, սակայն, դժգոհել է, որ թրիքը վատ են մաքրել:

Գասպարին նաև պատմել է, որ երեկ վաղ առավոտյան «Սերժիկ՝ սրիկա» կարգախոսով ակցիայից հետո ինքը բերման է ենթարկվել և ոստիկանության բաժնում պահվել մինչև կեսօր: Իրեն որևէ բացատրություն չեն տվել, հետո ասել են, որ կանչել են, քանի որ անսթափ վիճակում է գտնվել հանրային վայրում:

Ակտիվիստին բանավոր ասել են, որ նախագահի բնակության վայրը, նստավայի  նման, համարվում է պետական պաշտպանության օբյեկտ, սակայն ոստիկանները այդ փաստը չեն նշել արձանագրության մեջ:

Վարդգես Գասպարին նշել է, որ լրագրողների միջոցով փորձում է ոստիկանությունից ստանալ մի քանի հարցի պատասխան՝ ի՞նչ վարչական իրավախախտում է ինքը արել, որի համար իրեն 30.000 դրամ տուգանք են գրել, արդյո՞ք կարելի է ասել, որ «Սերժիկ, սրիկա» պաստառը կապ չունի իրեն բերման ենթարկելու հետ:

Epress.am-ը փորձել է ոստիկանությունից պարզել Գասպարիին մի քանի անգամ բաժին տանելու պատճառները, սակայն ոստիկանության լրատվության վարչությանից Արմեն Մալխասյանը հրաժարվել է ասել՝ թե ակտիվիստը կոնկրետ ինչ վարչական խախտում է արել:

«Գասպարիին ոչ ձերբակալել են, ոչ բերման ենթարկել, այլ տարել են ոստիկանություն՝ վարչական իրավախախտման համար»,- ասել է Մալխասյանն առանց մանրամասնելու:

Մալխասյանը հրաժարվել է ասել նաև, թե արդյոք նախագահի բնակության վայրը պետության կողմից պահպանվող օբյեկտ է, թե ոչ: