Home / Հայաստան / Գասպարին ոստիկանապետին կպատասխանի «Հերիք է լպստեք օլիգարխների կոշիկները» ակցիայով

Գասպարին ոստիկանապետին կպատասխանի «Հերիք է լպստեք օլիգարխների կոշիկները» ակցիայով

Երեկ երեկոյան «Հարսնաքար» ռեստորանի մոտ բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը բերման է ենթարկել ակտիվիստ Վարդգես Գասպարիին, որից հետո 30.000 դրամի չափով տույժի է ենթարկել:

Ակտիվիստները ռեստորանի մոտ բողոքել են երգիչներ Մարտին Մկրտչյանի և Հռիփսիմե Հակոբյանի հարսանիքի դեմ: Նրանք պահանջել են հարսանիք չանցկացնել մի վայրում, որտեղ 1 տարի առաջ ծեծի է ենթարկվել, իսկ այնուհետև հիվանդանոցում մահացել ռազմական բժիշկ Վահե Ավետյանը:  

Epress.am-ի հետ զրույցում Վարդգես Գասպարին ասել է, որ ինքը «Հարսնաքար» է հասել է ժամը 20.20-ին, պիկետ անցկացրել է ռեստորանի վերևի մուտքի մոտ, մինչ մյուս ակտիվիստները ներքևում էին: Նա ձեռքին ունեցել է «Նեմեց («Հարսնաքարի» սեփականատեր Ռուբեն Հայրապետյանի կեղծանունը) մարդասպան, Նեմեց սրիկա… սպանդանոց, այստեղ սպանվել է Վահե Ավետյանը» գրառումով պաստառ:

«Նախ մի քաղաքացիական հագուստով մեկը հետևից պաստառս հափշտակեց, հետո էլ մի խումբ ոստիկաններ ձեռքերս, ոտներս բռնելով ինձ տարան էդտեղից… ես կրկին վերադարձա, և արդեն դրեցին մեքենան, տարան ոստիկանության Ավանի բաժին: Պահեցին մինչ գիշերվա 12-ը, կազմեցին վարչական իրավախախտում 30 000 դրամ տույժ մեքենաների և մարդկանց երթևեկությունը խոչնդոտելու մեղադրանքով: Բաժնում ես տվել եմ բացատրություն, ասել այն, ինչ հարկն է, քննիչներից մեկին էլ, ումից ալկհոլի հոտ էր փչում, դուրս հրավիրեցի սենյակից»,- ասել է Գասպարին:

Իրեն անօրինական ոստիկանություն տեղափոխելու համար Գասպարին մտադիր չէ քաղաքացիական հայց ներկայացնել դատարան, սակայն այդ քայլն անպատասխան չի թողնելու: Նա պատրաստվում է պիկետ կազմակերպել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի տան դիմաց՝ «Հերիք է լպստեք օլիգարխների կոշիկները» կարգախոսով: