Home / Հայաստան / Ֆյուլեն հույս ունի՝ ԵՄ-ն և Հայաստանը կնախաստորագրեն Ասոցացման համաձայնագիրը

Ֆյուլեն հույս ունի՝ ԵՄ-ն և Հայաստանը կնախաստորագրեն Ասոցացման համաձայնագիրը

ԵՄ բարձրաստիճան չինովնիկը Երևանում հույս է հայտնել, որ Հայաստանը կնախաստորագրի ԵՄ-ի հետ Ասոսացման համաձայնագիրը: 

Եվրոպական միության հետ Հայաստանի համագործակցությունը լուրջ առաջընթաց է արձանագրել: Այս մասին այսօր Երևանում Եվրոպական միության Ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Ինչպես ասված է ՀՀ արտգործնախարարության հաղորդագրության մեջ, Նալբանդյանը նաև շնորհակալություն է հայտնել ԵՄ կողմից Հայաստանում բարեփոխումների գործընթացին շարունակական աջակցության համար:

Զրուցակիցները քննարկել են Արևելյան գործընկերության շրջանակներում ընթացող բանակցային գործընթացներին առնչվող հարցեր:

Շտեֆան Ֆյուլեն բարձր է գնահատել ԵՄ-Հայաստան հարաբերություններում տեղի ունեցող դրական զարգացումները՝ ընդգծելով, որ Հայաստանն Արևելյան գործընկերության ծրագրի առաջատար երկրներից է: Նա վերահաստատել է ԵՄ հանձնառությունը՝ շարունակել աջակցությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումներին:

Ֆյուլեն նաև հույս է հայտնել, որ այս տարի նոյեմբերին կայանալիք Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթաժողովին կնախաստորագրվեն Ասոցացման համաձայանգիրը և Խորը ու համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիրը: 

Հիշեցնենք, որ նախորդ ամիս Լեհաստանում Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Հայաստանը կողմ է «և-և» սկզբունքին, համաձայն որի հնարավոր է հավասարապես համագործակցել թե՛ Եվրամիության, թե՛ Ռուսաստանի հետ: Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին այդ առնչությամբ հայտարարել էր. «Դուք չեք կարող լինել երկու տնտեսական գոտիներում միաժամանակ, դուք պետք է ընտրություն կատարեք»: