Home / Հայաստան / Լեհաստանի նախագահը Հայաստանին ընտրության առաջ է կանգնեցրել

Լեհաստանի նախագահը Հայաստանին ընտրության առաջ է կանգնեցրել

Լեհաստանը ուրախությամբ աջակցություն է ցուցաբերում ԵՄ Արևելյան գորընկերություն ծրագրի մասնակից երկրներին, սակայն այդ երկրները պետք է ընտրություն կատարեն երկու տնտեսական գոտիների միջև: Այս մասին Վարշավայում Սերժ Սարգսյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին: Այս հայտարարությունն արվել է Սերժ Սարգսյանի այն խոսքերից հետո, որ Հայաստանը Ռուսաստանի հետ սերտ կապեր է պահպանում, իսկ ինտեգրացիոն գործընթացներում աշխատում է «և-և» սկզբունքով, այլ ոչ թե՝ «կամ-կամ»՝ այս հարցում հակասություններ չտեսնելով: ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը տարածել է միայն Սերժ Սարգսյանի հայտարարությունները: Լեհաստանի նախագահի խոսքերն է հրապարակում Regnum գործակալությունը՝ հղում կատարելով wpolityce.pl-ին:

«Դուք չեք կարող լինել երկու տնտեսական գոտիներում միաժամանակ, դուք պետք է ընտրություն կատարեք»,- հայտարարել է Լեհաստանի նախագահը: Կոմորովսկին բերել է Լեհաստանի օրինակը՝ նշելով, որ երկիրը ընտրություն է կատարել Եվրոպական տնտեսական գոտու օգտին:

Նա նշել է, որ Վարշավան ամբողջովին աջակցում է իր հարևանների հետ ավելի բարենպաստ հարաբերություններ ստեղծելու Հայաստանի ջանքերին:

«Մենք հասկանում և աջակցում ենք Ռուսաստանի հետ լավ տնտեսական հարաբերություններ կառուցելու Հայաստանի ջանքերը: Մենք նույնպես փորձում ենք մեր հարևանների հետ որքան հնարավոր է լավ հարաբերություններ ունենալ, այդ թվում՝ մեր հիմնական առևտրային գործընկեր և հարևան Ռուսաստանի հետ, բայց մենք նաև գիտենք՝ որ ոլորտին ենք պատկանում»,- նշել է Կոմորովսկին: