Home / Հայաստան / Զոհված զինվորի մայրը պահանջում է պատժել իրեն ստախոս անվանած Վարդան Ղուկասյանին

Զոհված զինվորի մայրը պահանջում է պատժել իրեն ստախոս անվանած Վարդան Ղուկասյանին

Բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայող Արթուր Ղազարյանի մայրը՝ Իրինա Ղազարյանը, բանավեճի է հրավիրում ոստիկանության ծառայող Վարդան Ղուկասյանին (մականունը՝ Դոգ)՝ հրապարակավ ապացուցելու, որ Ազատության հրապարակում զրույցի ժամանակ Ղուկասյանը հաստատել է իր որդու սպանությունը, ինչը, սակայն հետո մամուլում հերքել է: Այս մասին Ղազարյանն ասել է Epress.am-ի զրույցում ասել է:

Ղազարյանը պատմել է, որ օրեր առաջ սպանված զինվորների մայրերի ու իր փոքր  որդու հետ Ազատության հրապարակում պատահմամբ հանդիպել է Ղուկասյանին ու որդու մահվան հանգամանքների վերաբերյալ փորձել է պարզաբանումներ ստանալ նրանից:

«Ասացի՝ Դոգ, որ իմ տղուն սպանած բերել էին, ինչի՞ էիր խաբում՝ իբրև ուռուցք ունի, պետք է շտապ վիրահատել, սա էլ, թե՝ «տիկին Իրինա, բայց ո՞վ ա ասում, որ ձեր տղան ուռուցք ա ունեցել կամ ո՞վ ա ճիշտը ասում՝ իրանք ժամանակ էին շահում, որ դուք ընկենք մոլորության մեջ, մինչև իրանք գործերը անեն», իսկ հիմա Դոգը հերքում ա իր ասածները», – ասել է մեր զրուցակիցը:

Վերջինս խոսքով՝  օրեր անց Ղուկասյանը «Ժամանակ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է, թե Ազատության հրապարակում Իրինա Ղազարյանին չի տեսել, միայն զրուցել է բանակում զոհված զինծառայող Տիգրան Օհանջանյանի մոր՝ Գոհար Սարգսյանի հետ:

«Չգիտեմ՝ նա ո՞րտեղից է այդ նախադասությունները հորինում-կապում իրար: Միանշանակ, սա զրպարտանք է, որովհետև նայելով ասել՝ սա ուռո՞ւցք է, թե ուռուցք չէ, չեմ կարող, քանի որ ես դատաբժշկական փորձագետ չեմ՝ հասկանալու՝ սա ուռո՞ւցք է, թե՞ գանգուղեղային ծանր տրավմա», – օրաթերթին ասել է Ղուկասյանը՝ հավելելով, թե ինքը  շատ լավ ծանոթ է Տիգրան Օհանջանյանի գործին և վաղուց է իմացել, որ վերջինս չի էլեկտրահարվել:

Նա նաև շեշտել է, թե ինքն ու Գոհար Սարգսյանը այդ թեմայից են զրուցել:

«Ինչո՞ւ է  մյուս զինվորի մայրն  իր սրտի ցանկությունը  ներկայացրել որպես իմ խոսքեր, դա չեմ կարող ասել», -նշել է Ղուկասյանը:

Ղազարյանը մեր թղթակցին ասել է, թե չափազանց վրդովված է Ղուկասյանի նման հայտարարությունից, հատկապես, երբ իրեն մեղադրոում է ստախոսության մեջ:

«Թող կանգնի դեմս ու ասի՝ տիկին Իրինա, դուք այնտեղ չեք եղել, ես ձեզ չեմ տեսել: Դոգը փորձում է ապացուցել, թե նման զրույց չի եղել ու ծնողը սուտ է խոսում: Դոգը պետք է ապացուցի իր ասածները՝ կանգնի ու իմ երեսին ասի, որ նման խոսակցություն չի եղել: Ես ապացուցելու եմ, որ սուտասանն ինքն է», – ասել է մահացած զինվորի մայրը՝ ընդգծելով, թե ինքը, սպանված զինվորի մայր լինելով, չէր կարող նման հայտարարություն անել:

Ղազարյանը նաև պահանջում է զրպարտության համար պատժել Ղուկասյանին ու նրա արգելել նրա նմանների աշխատանքը ոստիկանական կառույցում:

Չնայած նրան, որ հայտարարվել է, թե Վարդան Ղուկասյանին նախորդ ամսին ազատել են աշխատանքից, զոհված զինվորի մայրը պնդել է, որ նա ոչ պաշտոնապես համակարգում է, ու քանի որ շատ բան գիտի, նրան համակարգից վերջնականապես չեն հանի: