Home / Հայաստան / Ոստիկանին հեռացրել են աշխատանքից լրագրողին հրելու և վիրավորելու համար (ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ)

Ոստիկանին հեռացրել են աշխատանքից լրագրողին հրելու և վիրավորելու համար (ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ)

Ապրիլի 27-ին hetq.am կայքի լրագրող Անի Հովհաննիսյանին հրելու և վիրավորելու համար աշխատանքից ազատվել է ոստիկանության ծառայող Վարդան Ղուկասյանը, որը հայտնի է Դոգ մականունով: Այս մասին ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն ասել է hetq.am-ի հետ զրույցում: Միջքադեպի առնչությամբ ծառայողական քննություն է նշանակվել:

Անի Հովհաննիսյանը միջադեպի մասին գրել  է հետևյալը.

«Հյուսիսային պողոտայով բարձրանում էի, երբ տեսա՝ ոստիկանական համազգեստով երկու անձ մոտեցել են փողոցային կիթառիստ Գևորգին և ստիպում են հավաքել իրերն ու իրենց հետ ներկայանալ ոստիկանական բաժանմունք, իսկ քիչ հեռու կանգնած էր ոստիկանության  «Գազելը»:

Գևորգը նշեց, որ ոստիկանները պատճառաբանում են, թե Հյուսիսային պողոտայում բնակվող շենքերից մեկի բնակիչը բողոքել է, որ երաժշտությամբ խանգարում է իր հանգիստը: Երբ մոտեցա և պահանջեցի ոստիկաններին ներկայանալ եւ նշել՝ ինչո՞ւ են երաժշտին ապօրինի հրավիրում բաժանմունք, քաղաքացիական համազգեստով մեկը նախ վիրավորեց ինձ, իսկ հետո հրեց»:

Լրագրողը նշում է, որ այդ մարդը Վարդան Ղուկասյանն է:

Hetq.am-ը ներկայացրել է նաև միջադեպի տեսանյութը:

Նշենք, որ 2011 թվականի հոկտեմբերի 14-ին Վարդան Ղուկասյանը հայտնվել էր ուշադրության կենտրոնում, երբ վիճաբանել էր ակցիա անցկացնող բանակում զոհված զինծառայողների հարազատների հետ:

Տեսանյութը՝ Արման Վեզիրյանի

Նշենք, որ այդ օրը կապիտան Վարդան Ղուկասյանը, ով այն ժամանակվա ՀՀ ՊՆ փոխնախարար Վլադիմիր Գասպարյանի աշխատակազմի վարչական ապարատի սպա էր,  ակցիային ներկայացել էր քաղաքացիական հագուստով և չսափրված: