Home / Հայաստան / Վարչապետին հաջողվեց աննկատ հեռանալ. ակտիվիստն ասել է՝ նա «մկան նման փախավ» (ՎԻԴԵՈ, ՖՈՏՈ)

Վարչապետին հաջողվեց աննկատ հեռանալ. ակտիվիստն ասել է՝ նա «մկան նման փախավ» (ՎԻԴԵՈ, ՖՈՏՈ)

18:45 Վարչապետ Տիգրան Սարգսյանին հաջողվել է հեռանալ Կառավարության շենքից, չնայած քաղաքացիական ակտիվիստները շրջափակել էին շենքը: Սակայն Ֆինանսների նախարարության մուտքի մոտ ոչ ոք չի եղել, և վարչապետը դուրս է եկել հենց այդ մուտքից: Նրանց տեսել է մոտակայքում կանգնած ակտիվիստներից մեկը, ով չի հասցրել մոտենալ: Նրա խոսքով՝ վարչապետը մոտեցել է կայանված մեքենային, արագ նստել ու հեռացել:

Նշենք, որ միևնույն ժամանակ հետնամուտքի մոտից երեք մեքենաներ են դուրս եկել մգեցված ապակիներով, որոնցից մեկի վրա պետհամարանիշ չի եղել: Այդ մուտքի մոտ գտնվող մի քանի ակտիվիստներ այդ պահին սկսել են երգել Հայաստանի օրհներգը: Երբ մեքենաները հասել են Տիգրան Մեծ փողոցի խաչմերուկին, նրանց ընթացքը փորձել են կանխել ակտիվիստներ Կարեն Հարությունյանը և Ծովինար Նազարյանը՝ կանգնելով փողոցի մեջտեղում: Սակայն ոստիկանները հրելով դուրս են մղել ակտիվիստներին փողոցից: Մեքենաները հեռացել են, իսկ երբ Նազարյանն ու Հարությունյանը դժգոհել են ոստիկանների պահվածքից և բռնի ուժի կիռաումից, վերջիններս ասել են, որ իրենք պահպանում էին ակտիվիստների առողջությունը:

Հարությունյանը պատասխանել է, որ ոստիկաններն իրականում պաշտպանում են «մկան նման փախչող անձանց առողջությունը»:

Հետագայում իրար հետ զրույցի ժամանակ ակտիվիստներն ասել են, որ երեք մեքենաների դուրս գալը ընդամենը մասկարադ էր, և հնարավորություն վարչապետի համար հեռանալ այլ մուտքից:

Հիշեցնենք, որ ակտիվիստների ակցիա մեկնարկել էր կեսօրից: Նրանք պահանջում էին, որպեսզի Տիգրան Սարգսյանը հանդիպի իրենց հետ և պատասխան տա բանակում կատարվող սպանությունների, մասնավորապես, մայիսի 15-ին զոհված Լյուքս Ստեփանյանի դեպքի մասին:

18:14 Ակցիայի մասնակիցներից մեկը վնասել է գլուխը՝ դիպչելով հետնամուտքի մոտ շինարարությունը փակող երկաթե դարպասին: Դեպքը տեղի է ունեցել հրմշտոցի հետևանքով, երբ ոստիկանները, հրելով ակտիվիստներին, ճանապարհ են բացել  ետնամուտքից դուրս եկող մեքենայի համար: Թեև մեքենան վարչապետինը չէ, ակտիվիստները չեն բացառել, որ մեքենայի մեջ կարող էր լինել Տիգրան Սարգսյանը:

Ոստիկաններն անմիջապես հայտարարել են, որ ակտիվիստի վնասվածքն իրենց հրելու արդյունքը չէ, այլ երիտասարդը ինքն է հարվածել դարպասին:

18:09 Մի խումբ ակտիվիստներ որոշել են վերահսկել Կառավարության շենքի բոլոր մուտքերը: Նրանք շրջանցել են շենքը և նստել հետնամուտքի մոտ: Ոստիկանների մի խումբ գրկել են ակտիվիստներ Եղիա Ներսիսյանին, Վահագն Մինասյանին և Աշոտ Խաչատրյանին՝ մուտքից հեռացնելով փողոց: Ակտիվիստները փողոցից շարունակում են հետևել մուտքին, որպեսզի բաց չթողնեն վարչապետին: Նրանք ասում են, որ աշխատանքային օրվա ավարտին Տիգրան Սարգսյանը պարտավոր է հանդիպել իրենց:

17:46 Ակտիվիստ Վարդգես Գասպարին մոտեցել է Կառավարության շենքի մուտքերից մեկին և պառկել գետնին: Ոստիկաններից մի քանիսը մոտեցել են Գասպարիին, իսկ նրանից մեկը, մատնանշելով պառկած ակտիվիստին, հեգնել է՝ «Հարազատներին խնդրում ենք մոտենալ»: Գասպարին նրա խոսքերին որևէ կերպ չի արձագանքել և այս պահին շարունակում է պառկած մնալ մուտքի մոտ: Այնուհետև նա ասել է լրագրողներին, որ պարտավորված է զգում իր մարմնով փակել մուտքերից մեկը:

Այժմ ակցիայի մասնակիցները նստած են մուտքի աստիճանների մոտ: Ակտիվիստներ Կարեն Հարությունյանը ր Արգիշտի Կիվիրյանը հայտարարել են, որ պատրաստ են մնալ այնքան ժամանակ, մինչև վարչապետը չիջնի իրենց մոտ:

16:58 Կառավարության շենքի մոտ ակցիա անցկացնող մարդկանց մոտ է եկել Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը, ով զրուցել է խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողների հետ և նրանց հրավիրել Կառավարության շենք՝ հանդիպելու զինդատախազ Գևորգ Կոստանյանի հետ:  Ծնողները հրաժարվել են մտնել շենք՝ առաջարկելով Կոստանյանի հետ հանդիպել դրսում՝ ակցիայի մասնակիցների և լրագրողների ներկայությամբ:

Այդ ընթացքում ակցիայի մասնակից Վարդգես Գասպարին, բարձրախոսով դիմելով Կարապետյանին, հայտարարել է, որ հանցագործը, մարդուն խոշտանգողը (նկատի ունի Գրիշա Վիրաբյանի գործը – խմբ.) չի կարող կրել ոստիկանական համազգեստ:

Գասպարիի հայտարարությունից հետո ակցիայի մասնակիցները ծափահարեցին նրան և միացան՝ վանկարկելոց «Սրիկա, հեռացիր»:

Այդ ողջ ընթացքում Կարապետյանը՝ առանց ուշադրություն դարձնելու հավաքվածների գործողություններին, զրուցում էր զոհված զինծառայող Տիգրան Օհանջանյանի մոր՝ Գոհար Սարգսյանի հետ:

Ակցիայի մասնակիցների մոտ է իջել նաև ՀՀ կառավարության Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը, ով հայտարարել է, որ բանակում մահվան դեպքերի դրդապատճառները հարկավոր է փնտրել ընտանիքներում: Ղազարյանը վստահ է, որ եթե ծնողները դաստիարակված երեխաների ուղարկեն բանակ, նման միջադեպեր չէին գրանցվի: Հարցին՝ արդյոք ինքը իր որդուն բանակ կուղարկեր, թե՞ կնախընտրեր գումարի դիմաց ազատել, Կառավարության ներկայացուցիչը հայտարարել է, որ հայկական բանակում «փողով ազատել» չկա:

Հիշեցնենք, որ Կառավարության շենքի մոտ ինքնաբուխ բողոքի ակցիան մեկնարկել է կեսօրին: Մի խումբ քաղաքացիներ հավաքվել են այն բանից հետո, երբ Երևան լուրեր են հասել, որ մայիսի 15-ին բանակում զոհված Լյուքս Ստեփանյանի դին նրա հարազատները Վերին Գետաշեն գյուղից բերում են Երևան՝ ի նշան բողոքի:

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Քնար Խուդոյանի