Home / Հայաստան / ՎԻԴԵՈ. Սպանված զինվորի հայրը պահանջում էր, նախարարը՝ խոստանում, ոստիկանապետը՝ խաչակնքվում

ՎԻԴԵՈ. Սպանված զինվորի հայրը պահանջում էր, նախարարը՝ խոստանում, ոստիկանապետը՝ խաչակնքվում

Սևան-Երևան մայրուղու վրա՝ Գեղարքունիքի մարզի սահմանագծի մոտ, այսօր առավոտից արտակարգ իրավիճակ էր ստեղծվել: Մայրուղին փակել էին ոստիկանական և բանակային զորքերը, քանի որ մայիսի 15-ին բանակում սպանված շարքային Լյուքս Ստեփանյանի ծնողներն ու հարազատները, դին հողին հանձնելու փոխարեն, որոշել էին այն տեղափոխել Երևան ու դագաղը դնել Հանրապետության հրապարակում՝ ի նշան բողոքի: Ծնողները պահանջում էին արդար քննություն ու բոլոր մեղավորների պատիժ. նրանք պնդում են, որ տեղի է ունեցել դիտավորյալ սպանություն: Ծնողները նաև դժգոհում էին, որ իրենց որդու մահվան մասին հայտնել են մոտ 9 ժամ անց՝ դա որակելով որպես ՊՆ-ի անտարբերության դրսևորում:

Սևանի մայրուղու ոստիկանական հենակետի մոտ հավաքված լրագրողներին սկզբում թույլ չէին տալիս մոտենալ այն վայրին, որտեղ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը զրուցում էր Լյուքս Ստեփանյանի ծնողների հետ: Մի քանի տասնյակ ճանապարհային ոստիկաններ,  ռազմական ոստիկանության աշխատակիցներ, ՊՆ-ի հատուկ ջոկատայիններ և բանակի զինվորներ խիստ հսկողության տակ էին առել տարածքը: Դեպքի վայր էին եկել նաև  ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, զինդատախաղ Գևորգ Կոստանյանը:

Հսկողություն իրականացնողները, ովքեր չէին ներկայանում, ժամանակ առ ժամանակ փորձում էին լրագրողներից խլել տեսախցիկները: Լրագրողներին նաև ստիպում էին կանգնել ճանապարհի ձախ մայթին՝ պատճառաբանելով, թե «վերևից» հրաման ունեն թույլ չտալ առաջանալ: Еpress.am-ի թղթակիցը փորձել է պարզել՝ արդյոք ում հրամանն են կատարում հատուկ ջոկատայինները. նրանցից մեկը, ով չի ցանկացել ներկայանալ, պատասխանել է՝ «մի հրահրեք, իրավիճակն է տվել հրամանը, ազատեք ճանապարհը»:

Ավելի ուշ լրագրողներին թույլ են տվել մոտենալ հավաքաված բազմությանը, որտեղ կանգնած են եղել նաև Սերյրան Օհանյանը և Գևորգ Կոստանյանը:

Նախարարը լրագրողների հետ զրույցում նշել է, որ դեպքը տեղի է ունեցել բանակային ծառայության ընթացքում առաջացած վեճի ժամանակ՝ զինվորների ու պահակատան դիմաց կանգնած ժամապահի միջև: Նախնական տվյալներով՝ զենքի միտումնավոր օգտագործմամբ հասցվել է մահացու վիրավորում Լյուքս Ստեփանյանին, մեկ զինվոր էլ գտնվում է հիվանդանոցում՝ ծայրահեղ ծանր վիճակում:

«Հիմա ես լրագրողների, ծնողների ներկայությամբ գտնվում եմ մեր զինծառայողի մոտ (Սեյրան Օհանյանը մատնանշել է դագաղում պառկած Ստեփանյանին), առաջին հերթին, ցանկանում եմ կիսել վիշտը այն խոսքերը չեն, նույն այս վիճակում ես ինձ դնում եմ ծնողի տեղը, ասում եմ՝ օրենքի շրջանակներում ով հանցագործություն է կատարել, կապ չունի ով կլինի այդ զինվորը, պատժվելու է», – ասել է Օհանյանը:

Նախարարի խոսքից հետո զրույցին միջամտել են բորբոքված հարազատները, նրանք շարունակաբար պնդել են, որ տեղի է ունեցել դիտավորյալ սպանություն:

Լրագրողները, դեպքի մասին խոսելով, օգտագործել են «ամենաթողություն» բառը, ինչի հետ Օհանյանը չի համաձայնել:

«Տվյալ զորամասում բացթողում է եղել՝ կոնկրետ այն ստորաբաժանումում, որտեղ ինքը ծառայել է, բայց բանակի մասին ամենաթողություն ասել չի կարելի: Այս պարագայում երկու զինծառայողների մեջ առաջացած վեճի արդյունքում զինծառայողներից մեկը հանցագործություն է կատարել ու ինքը կստանա իր պատիժը», – ասել է նախարարը:

Հարցին՝ պատրաստվո՞ւմ  է արդյոք Օհանյանը հրաժարական տալ՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ ժողովրդավարական երկրներում նմանատիպ դեպքերին հետևում են պաշտոնատար անձանց հրաժարականներ, նախարարը հստակ պատասխան չի տվել:

«Դուք ճիշտ չեք, յուրաքանչյուր դեպքի ժամանակ մենք անց ենք կացնում համապատասխան դաստիարակչական և կանխարգելիչ միջոցառումներ և հանցագործություն հետ կա ունեցող բոլոր անձինք, հրամանատարները պատասխան են տալիս: Ոչ մի մարդ անպատիժ չի մնալու: Ես խոնարհվում եմ ծնողների առջև, այս վիշտը ես, իհարկե, ամբողջությամբ կիսել չեմ կարող, բայց մենք միշտ էլ վառ ենք պահում մեր զինծառայողների հիշատակը», – ասել Օհանյանը:

Զինվորի հայրը՝ Իշխան Ստեփանյանը, հարցրել է նախարարին, թե ինչ հանգամանքներում է եղել սպանությունը ու պահանջել են ներկայացնել դեպքի հետ կապված մանրամասները:

Օհանյանը ներկայացրել է իրեն հասած նախնական տեղեկությունները, համաձայն որոնց կրակոցը արձակվել է մոտ 10 մետրից, որին ի պատասխան ծնողները կարծիք են հայտնել, որ զինվորների միջև հեռավորությունը եղել է 30 մետր, և այդ տարածությունից միմյանց հայհոյել և իրար հետ վիճել հնարավոր չէր: Սեյրան Օհանյանը դարձյալ ասել է, որ քննությունը կպարզի այն ամենը, ինչ տեղի է ունեցել:

Նախարարը ասել է նաև, որ ինքը պատերազմի  մասնակից է ու ավելի դաժան բաներ է տեսել:

«Հավատացեք, թող վերջին դեպքը լինի», – ասել է Օհանյանը, ինչին ի պատասխան տղայի հայրը  հակադարձել է՝ «վերջին դեպքը կլնի էն վախտ, որ ես ստեղից չէթամ, էդ տղուն բերեք (նկատի ունի Ստեփանյանի վրա կրակած Դավիթ Խաչատրյանին) մասսայական գնդակահարեք, պրծնի»:

Epress.am-ի հետ զրույցում սպանված զինվորի հայրը վրդովված ասել է, որ իր որդուն սպանողինվ ու նրա նմաններին այսօր վարժեցնում են, որպեսզի հետագայում դարձնեն իրենց թիկնապահները:

«Հնչի երկու հոգու գլուխն ուտի՝ էդ մեկին պահեք՝ ի՞նչ անեք, պահեք իրանց թիկնապա՞հ», – ասել է հայրը:

Ավելի ուշ հավաքվածներին միացած Խաչպար գյուղի գյուղապետ Շահեն Մարտիրոսյանը Epress.am-ի թղթակցին ասել է, որ թեև ինքը ուշ է հասել Երևան շտապող թափորին, այնումենայնիվ, եկել է, որպեսզի հետ վերադառնան, քանի որ  ճիշտը դիակը վերադարձնել ու հողին հանձնելն է: Նշենք, որ Լյուքս Ստեփանյանը վերջին տարիներին բնակվել է Խաչպար գյուղում, թեև ծնունդով Վերին Գետաշենից է:

«Տունն էլ ձեզ, հողն էլ ձեզ, կեթամ էս երկրից, իմ նաֆարը կհավաքեմ, կեթամ էս երկրից: Էսօր շուխուրը լսել, եկել են ստեղ, 18 տարի երեխա պահեմ, տան սպանե՞ն: Ոչ մեկը ռեալ բան չի ասում, թե իմ տղեն ինչի՞ ա սպանվել», – մի պահ զայրացած ասել է հայրը, ում պաշտոնյաները անընդհատ փորձել են համոզել, որ տուն վերադառնա:

«Թող մեղավոր զինվորին վերացնեն, որպեսզի վախ առաջանա», – իր հերթին, ասել է մայրը՝ Լուիզա Ստեփանյանը:

Epress.am-ի թղթակիցը նկատել է, որ Լյուքս Ստեփանյանի մատնեմատին ոսկե մատանի կա: Հարզատներից մեկը պատմել է, որ երիտասարդին սպանված բերելուց հետո տատը խորհրդանշական ձևով «նշանել» է թոռանը:

Քիչ ավելի ուշ՝ Սեյրան Օհանյանի՝ մեղավորներին պատժելու խոստումներից և գյուղապետ Շահեն Մարտիրոսյանի հորդորներից հետո սպանված զինվորի հայրը փոխել է դիակը Երևան հասցնելու մտադրությունից և որոշել է տուն վերադառնալ հուղարկավորության համար:

Այդ պահին մոր ինքնազգացողությունը վատացել է, նա նստել է մեքենայի մեջ, որտեղ մինչ այդ դրել են որդու դագաղը: Լուիզա Ստեփանյանին օգնություն են ցույց տվել, որից հետո թափորը շարժվել է գյուղ:

Նախարար Օհանյանի ավտոշարասյունը նույնպես շարժվել է դեպի Վերին Գետաշեն:

Դեպքի վայրում գտնվող լրագրողները և մի քանի քաղաքացիական ակտիվիստներ տեսել են, որ, մինչ Օհանյանը զրուցել է զինվորի հարազատների հետ, ավելի հեոռւ կանգնած ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը խաչակնքվել է, ապա, պատասխանելով հարազատների հարցերին, նշել է, թե նրանք դժգոհելու և անգամ  վիրավորելու իրավունք ունեն:

Ակցիայի ընթացքում պարբերաբար լրագրողների հասցեին սպառնալիքներ են հնչեցրել քաղաքացիական հագուստով անձինք, ովքեր չեն  ներկայացել: Մասնավորապես, Epress.am-ի թղթակցին է մոտեցել սևազգեստ մի երիտասարդ ու հորդորել է քիչ հարցեր տալ:

«Գլուխդ կջադեմ, շատ ես հարցեր տալիս, հերիք ա, չես վախո՞ւմ, որ եկել ծնողին հարցեր ես տալիս», – ասել է անծանոթը:

Նշենք նաև, որ ակցիայի սկզբում տարածքում հսկողություն իրականացնող անձինք, խլել են նկարահանում իրականացնող «Կենտրոն» հեռուստաընկերության տեսախցիկը, կոտրել խոսափողը, այնուհետ վերցրել նույն հեռուստաընկերության լրագրողի հեռախոսը, ջնջել նկարահանած կադրերը, հետո միայն վերադարձրել: