2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

ՀԱԿ ակտիվիստների գործով վճիռը հրապարակվեց. այն կրկին կքննվի

ՀՀ Վճռաբեկ դատարանը քիչ առաջ հրապարակեց «Հազ Ազգային Կոնգրեսի» ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Դավիթ Քիրամիջյանի և Սարգիս Գևորգյանի գործով վճիռը:

Դատարանը որոշել է բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և գործը կրկին ուղարկել նույն դատարան՝ քննության:

ՀԱԿ 4 ակտիվիստները 2012-ի հուլիսի 20-ին  դատապարտվել էին 2-ից 6 տարվա ազատազրկման, իսկ նոյեմբերի 13-ին Վերաքննիչ դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, մերժել էր նրանց բողոքները:

Տվյալ գործը կապված է 2011թ. օգոստոսի 9-ին Կարապի լճի մոտ տեղի ունեցած միջադեպի հետ: Պաշտպանական կողմը պնդում է, որ այս օրը երիտասարդները ոստիկանների կողմից ենթարկվել են հարձակման, նրանց ծեծի են ենթարկել, ոստիկանական բաժնում խախտվել են երիտասարդների և փաստաբանների իրավունքները:

Այսօրվա նիստից հետո ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը կարծիք է հայտնել, որ այս որոշումը դրական համարել չի կարելի, քանի որ դատական համակարգը շարունակում է խամաճիկ մնալ Սերժ Սարգսյանի ձեռքում, և այս որոշումը ևս քաղաքական շարժառիթներ ունի: Լևոն Զուրաբյանի խոսքով՝ Սերժ Սարգսյանը նման որոշում կայացրեց, քանի որ ցանկանում է ազատվել ԵԽԽՎ-ի և միջազգային այլ կառույցների որակումներից, որոնց համաձայն՝ Տիգրան Առաքելյանը քաղբանտարկյալ է:

ՀԱԿ փոխնախագահի խոսքով՝ երիտասարդները հենց այսօր պետք է ազատ արձակվեին, սակայն իշխանությունները ցանկանում են շարունակել նրանց վրա պահել դամոկլեսյան սուրը:

Նշենք, որ որոշումը բեկանվել է հետևյալ հոդվածներով՝

Տիգրան Առաքելյան՝ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-2 կետերով, 316-րդ հոդվածի 1-2 մասերով,

Արտակ Կարապետյան՝ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-2 կետերով, 316-րդ հոդվածի 1-ին մասով,

Սարգիս Գևորգյան՝ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-2 կետերով,

Դավիթ Քիրամիջյան՝ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-2 կետերով: