Home / Հայաստան / «Սերժի տղա դատարան». ՀԱԿ ակտիվիստների վճիռն անփոփոխ թողեցին

«Սերժի տղա դատարան». ՀԱԿ ակտիվիստների վճիռն անփոփոխ թողեցին

Այսօր Վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց 4 ՀԱԿ ատիվիստների դեմ առաջին ատյանի դատարանի կողմից կայացրած վճիռը, համաձայն որի Տիգրան Առաքելյանը դատապարտվել էր 6, Արտակ Կարապետյանը՝ 3.5, իսկ Դավիթ Քիրամիջյանը և Սարգիս Գևորգյանը՝ 2-ական տարվա ազատազրկման:

Մեղադրյալները ի նշան բողոքի դատարանի կամայականությունների դեմ չէին ներկայցել դատական նիստին, և պաշտպանական կողմը ներկայացնում էր փաստաբան Ստեփան Ոսկանյանը: Դատարանի դահլիճում հավաքված էին ՀԱԿ ակտիվիստների բարեկամները, հարազատները, ընկերները, որոնք ի նշան բողոքի դոփում էին և մեղադրում էին դատավոր Արմեն Դանիելյանին ապօրինի վճիռ կայացնելու մեջ:

Դատարանի դահլիճից դուրս ակտիվիստները բողոքի ակցիա էին անցկացնում: Նրանց ձեռքին պաստառներ էին, որոնց վրա գրված էր՝ «Սերժի տղա դատարան», «Շուտով գալու են ձեր հետևից», «Սերժիկ, հեռացիր»:

Բողոքի ակցիայի մասնակիցները դատարանի ուղղությամբ պարզում էին միջնամատերը, բղավում՝ «Հանցագործներ» և «Սերժի տղա դատարան», որը դարձել էր ակցիայի հիմնական կարգախոսը:

Այս պահի դրությամբ դատարանի մոտ հավաքվածները շարժվում են նախագահական նստավայր, որտեղ 13.00-ին մասնակցելու են 2010թ. ՀՀ ԶՈՒ-ում զոհված Արտակ Նազարյանի գործով դատավարության ապօրինությունների դեմ կազմակերպվող ակցիային: Երիտասարդները քայլում են թմբկահարելով և իրենց կարգախոսները վանկարկելով:

Հիշեցնենք, որ անցյալ տարվա օգոստոսից Տիգրան Առաքելյանը գտնվում է անազատության մեջ: Մյուս երեք ակտիվիստներին բաց են թողել չհեռանալու մասին ստորագրության դիմաց: Նրանք ազատության մեջ են գտնվելու մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնել: Դա տեղի կունենա միայն այն ժամանակ, եթե վճիռ անփոփոխ թողնի նաև Վճռաբեկ դատարանը, որտեղ պաշտպանական կողմը պատրաստվում է դիմել: