Home / Հայաստան / Ի՞նչ կապ ունի Կոստանյանը ՀՔԾ պետի հեռացման հետ. թերթերի իրարամերժ տեղեկությունները

Ի՞նչ կապ ունի Կոստանյանը ՀՔԾ պետի հեռացման հետ. թերթերի իրարամերժ տեղեկությունները

Այսօր հայաստանյան տպագիր ԶԼՄ-ներն անդրադարձել են ՀՔԾ պետ Անդրանիկ Միրզոյանի պաշտոնանկությանը՝ որոշ դեպքերում իրարամերժ տեղեկություններ ներկայացնելով, ինչը տարօրինակ է թվում:

Մասնավորապես, «Հրապարակ» օրաթերթը գրում է, որ Անդրանիկ Միրզոյանն աշխատանքից ազատվել է կոնկրետ քրգործով թերանալու պատճառով, իսկ խոսքը բարձրաստիճան ոստիկանների ֆինանսական ապօրինի գործողությունների մասին է, որի հետ կապված գործն այժմ գտնվում է ՀՔԾ վարույթում:

«Այս կառույցի պետին փոխելը մի բան էլ է նշանակում՝ Աղվան Գառնիկիչի (ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյան – խմբ.) «մայրամուտը» մոտ է: ՀՔԾ-ն ավանդաբար գտնվել է նրա վերահսկողության ներքո, և Միրզոյանն էլ ոչինչ չէր անում առանց գլխավոր դատախազի իմացության: Այժմ, փաստորեն, Սերժ Սարգսյանն իր հսկողության տակ է վերցնում այս կառույցը»,- նշում է «Հրապարակը»:

«Ժողովուրդ» օրաթերթը, հղում կատարելով իր աղբյուներին, նույնպես գրում է, որ Անդրանիկ Միրզոյանի պաշտոնանկության պատճառը բարձրաստիճան պաշտոնյաներից կազմված բուրգի գործն է, սակայն որպես ազատման առիթ է նշում ՀՀ զինդատախազ Գևորգ Կոստանյանի հետ ունեցած Միրզոյանի հակասությունները:

Թերթի՝ ՀՀ գլխավոր դատախազությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ մայիսի 2-ի առավոտյան Սերժ Սարգսյանի մոտ խորհրդակցություն է տեղի ունեցել, որտեղ ՀՔԾ ղեկավարը ներկայացրել է Արցախի զորամասերից մեկում կախվելու միջոցով ինքնասպանություն գործած մի զինվորի քրեական գործի մանրամասները, որին ինքնասպանության են հասցրել զինվորականները:

«Սակայն նիստի ժամանակ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, զինդատախազ Գևորգ Կոստանյանը մանրամասն զեկուցել է, թե ինչպես է ՀՔԾ ղեկավարը ստում` ներկայացնելով ապացույցներ: Զինդատախազի ասածներին արժանահավատություն է հաղորդել ՀՀ նախագահի օգնական Գեորգի Կուտոյանի խոսքը, որը հանդես է եկել Կոստանյանի դիրքերից: Ըստ ամենայնի, ՀՀ նախագահի նստավայրի երիտասարդները մինչ խորհրդակցությունն արդեն Սերժ Սարգսյանին ներկայացրել են խնդիրը` արդարացնելով Կոստանյանին: Սարգսյանն էլ բարկացել է, նաև կշտամբել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին և որոշել ազատել Անդրանիկ Միրզոյանին զբաղեցրած պաշտոնից», – գրում է թերթը:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` տվյալ քրգործին խառնվել է նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանը: Թե ինչու է դա տեղի ունեցել, թերթը չի մանրամասնում:

«168 ժամ» պարբերականը Միրզոյանի պաշտոնանկությունը նույնպես կապում է Կոստանյանի անվան հետ, սակայն, հակառակը, նշում է, որ զինդատախազը կապված է եղել կեղծիքի հետ:

Պարբերականի աղբյուրների փոխանցմամբ՝ Գևորգ Կոստանյանի միջամտությամբ կեղծվել են դատաբժշկական փորձաքննության արդյունքները՝ կապված ԼՂՀ-ում ծառայություն անցնող Հայկ Հարությունյանի հետ: Վերջինս առողջական խնդիրներով է զորակոչվել բանակ, ու բազմիցս ահազանգել է իր վիճակի մասին: Չդիմանալով՝ նա փախել է, սակայն նրանց գտել են, քրեական գործ է հարուցվել: Քննիչի պահանջով դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել՝ պարզելու զինծառայողի առողջական իրական վիճակը: Թերթը նշում է, որ Կոստանյանը կեղծել է  դատաբժշկական փորձաքննության այն տվյալները, որոնք հաստատում էին զինվորի առողջական ծանր վիճակի մասին փաստերի իսկությունը: Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը (դատավոր Սերգեյ Աղաբեկյանի գլխավորությամբ) զինծառայող Հայկ Հարությունյանի դեմ վճիռ է կայացրել, որից երեք օր անց տղան Շուշիի ՔԿՀ-ում կախվելու միջոցով ինքնասպան է եղել:

«Կրկին դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել, որի ընթացքում էլ ի հայտ է եկել ողջ պատմությունը: Զավեշտալին այն է, որ զինծառայողի հետ կապված քրեական գործը հետագայում կարճվում է ոչ թե մահվան փաստով, այլ նա արդարացվում է դատարանի վճռով: Մեր տեղեկություններով՝ այդ ամբողջ պատմությունից իր «գլուխը փրկելու համար» ՀՀ զինդատախազ Գևորգ Կոստանյանը քավության նոխազ է դարձրել որոշ զինդատախազների, որոնց դեմ ՀՔԾ-ում գործ է հարուցվել: Ի դեպ, ՀՀ Արդարադատության խորհրդի 2013 թվականի հունվարի 31-ի նիստում դադարեցվել էր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Սերգեյ Աղաբեկյանի լիազորությունները: Պաշտոնական մեկնաբանությամբ՝ դատավորի նկատմամբ պատժի այս որոշումը պայմանավորված էր նրա առողջական խնդիրներով, որը, սակայն, իրականությանը չէր համապատասխանում, քանի որ դատավորը որևէ հիվանդությամբ կամ ֆիզիկական արատով չէր տառապում: Մեր տեղեկություններով՝ Անդրանիկ Միրզոյանը այս ողջ պատմության մեջ հովանավորել է Գևորգ Կոստանյանին, որի ցուցումով էլ տեղի է ունեցել զինծառայողի հետ կապված ողջ կեղծիքը: ՀՔԾ պետի և զինդատախազի համագործակցության արդյունքում գործը բարդվել էր զինվորական որոշ դատախազների վրա: Այս մասին տեղեկացել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և հանգամանքները ճշտել նաև ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանից», – մասնավորապես գրել է «168 ժամ» պարբերականը:

Նշենք, որ թերթերի հաղորդած իրարամերժ տեղեկությունները բավական տարօրինակ են: Բացի դա, հայաստանյան կայքերն այսօրվա մամուլի տեսություններում շատ քիչ և հատվածաբար են անդրադարձել «168 ժամ»-ի հրապարակմանը: Թերթի 168.am կայքում այդ նյութը ժամը 10:00-ի դրությամբ դեռ ներկայացված չի եղել:  Tert.am կայքը, իր հերթին, առավոտյան հրապարակել է նյութը, սակայն հետո հանել կայքից: Google.com որոնողական համակարգում հոդվածի անվանումը կա, սակայն հղումը տանում է դեպի դատարկ էջ: