Home / Հայաստան / Սերժ Սարգսյանը խոսել է ՀՔԾ նախկին պետի ազատման առիթի և պատճառների մասին

Սերժ Սարգսյանը խոսել է ՀՔԾ նախկին պետի ազատման առիթի և պատճառների մասին

Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայություն, որտեղ անդրադարձել է ՀՔԾ նախկին պետ Անդրանիկ Միրզոյանի պաշտոնանկությանը և ներկայացրել է նոր պետին՝ Վահրամ Շահինյանին, հայտնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը:

«Միրզոյանի ազատման առիթը եղել է ապօրինությունը կոնկրետ քրեական գործով, բայց պատճառն այլ էր: Պատճառն այն էր, որ Անդրանիկ Միրզոյանը չկարողացավ լուծել իր առջև դրված խնդիրը, իսկ ես խնդիր էի դրել պարոն Միրզոյանի առջև, որպեսզի մեծ ջանքեր գործադրի Հատուկ քննչական ծառայության կայացման դժվարին գործում: Հատուկ քննչական ծառայությունը պետք է կայանար որպես ինստիտուցիոնալ անկախ և քրեական արդարադատության իրականացման գործում ինքնուրույն մասնակից: Ցավոք, մինչև հիմա այդպես չէ: Սա այն ծառայությունն է, որտեղ պետք է աշխատեն բացառապես գործին նվիրված ինքնուրույն, պրոֆեսիոնալ և հնարավորինս օբյեկտիվ մտածողություն ունեցող մարդիկ: Այս ծառայությունը չի կարող լինել կամակատար»,- ասել է Սերժ Սարգսյանը: Հաղորդագրության մեջ չի նշվում, թե կոնկրետ որ քրեական գործն է Միրզոյանի ազատման պատճառ հանդիսացել:

Նա նշել է, որ իրավապահ մարմինների մասին խոսելիս շատ լավ գիտակցում է, որ ամենադժվար վիճակում թերևս Հատուկ քննչական ծառայության աշխատողներն են, որովհետև շատ դեպքերում նրանք ստիպված են լինում վարել քրեական գործեր, որոնցով անցնում են իրենց գործընկերները:

Բայց մյուս կողմից էլ, ըստ Սերժ Սարգսյանի, նրանք պետք է հասկանան, որ դա իրենց կոչումն է, և ով պատրաստ չէ դրան, ուրեմն չպետք է այս համակարգում աշխատի. «Այստեղ պետք են մարդիկ, մասնագետներ, ովքեր պատրաստ են ճշմարտությանն ուղիղ նայել և եթե տեսնեն, որ իրենց գործընկերները, բարեկամները, ընկերներն իրենց գործունեությամբ խաթարում են մեր երկրի, մեր պետական կառույցների ընթացքը, ապա պարտավոր են միջոցներ ձեռնարկել»:

Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ ՀՀ ՀՔԾ նորանշանակ պետ Վահրամ Շահինյանի գլխավորությամբ ծառայությունը շատ կարճ ժամկետում վերջնականապես կկայանա: