Home / Հայաստան / «Կարֆուր»-ը «տարօրինակ» պատասխան է տվել Հայաստան գալու վերաբերյալ հարցերին

«Կարֆուր»-ը «տարօրինակ» պատասխան է տվել Հայաստան գալու վերաբերյալ հարցերին

«Կարֆուր» ցանցի առաջ հարուցած խոչընդոտները կարող են ծանր հետևանքներ թողնել Հայաստանի վարկանիշի վրա, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ հղում կատարելով միջազգային ֆինանսական կազմակերպությունների հայաստանյան ներկայացուցչություններին մոտ կանգնած աղբյուրների վրա:

Թերթը, մասնավորապես, գրում է, որ Հայաստանի դիրքը «Դուինգ բիզնես» սանդղակում կարող է մի քանի տասնյակ միավորով հետ ընկնել` «Կարֆուրի» մուտքը հայկական շուկա խոչընդոտելու պատճառով:

Ըստ որոշ հաշվարկների` ներկայիս 32-րդ հորիզոնականի փոխարեն Հայաստանը այդ խոչընդոտների պատճառով կարող է հայտնվել 5 կամ 6-րդ տասնյակում:

«Կարֆուրի» շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ թերթը հարցեր էր հղել ֆրանսիական այդ ցանցի կենտրոնական գրասենյակ, որտեղից ստացված կարճ ու ստանդարտ պատասխանից «ՀԺ»-ն եզրակացրել է, որ իրավիճակը դեռ չափազանց անորոշ է:

«Համաձայն իր զարգացման ռազմավարության, «Կարֆուր»-ը շարունակում է ուսումնասիրել հայկական շուկան և ծրագրում է բացել առաջին խանութը առաջիկա 12 ամիսների ընթացքում», – ահա այսպիսի պատասխան են տվել «Կարֆուր»-ի կենտրոնական գրասենյակ հղած թերթի հարցերին:

«Հայկական ժամանակ»-ին նման պատասխանը տարօրինակ է թվացել այն պատճառով, որ «Կարֆուր»-ին ուղղված հարցերը ընդգրկուն են եղել:

Թերթը, մասնավարապես, հարցրել է՝ ինչո՞ւ այդպես էլ տեղի չունեցավ «Կարֆուր»-ի հիպերմարկետի բացումը երևանյան «Դալմա մոլ»-ում, որը նախատեսված էր դեռ 2012 թվականի նոյեմբերին, խախտվե՞լ են արդյոք «Կարֆուր»-ի պատասխանատուների և «Դալմա մոլ»-ի սեփականատիրոջ միջև նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները, «Կարֆուր»-ի ներկայացուցիչներն ադրյո՞ք հանդիպել են ՀՀ իշխանության ներկայացուցիչների հետ և քննարկել են արդյոք իրենց խնդիրը, արդյո՞ք ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի անդրադարձը «Կարֆուր»-ի հնարավոր բացմանը զուտ անձնական ցանկություն է, թե՞ որոշակի ակնարկներ է պարունակում: