Home / Հայաստան / ԱՄՆ դեսպանը հույս ունի Հայաստանում տեսնել «Կարֆուր» ցանցը

ԱՄՆ դեսպանը հույս ունի Հայաստանում տեսնել «Կարֆուր» ցանցը

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը հույս ունի, որ «Կարֆուր» սուպերմարկետների ցանցը կմտնի հայաստանյան շուկա: Այս մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:

«Լսել եմ՝ «Կարֆուրը» ցանկանում է գալ Երևան: Ես օգտվում էի այդ խանութից Բրյուսելում: [Բացումը] շատ լավ կլինի մրցակցության առումով: Հուսով եմ՝ դա տեղի կունենա», – գրել է ԱՄՆ դեսպանը:

Հիշեցնենք, որ նախնական հայտարարությամբ՝ «Կարֆուրը» Հայաստանում պետք է սկսեր գործել դեռ անցյալ տարվա նոյեմբերին. այն նախատեսվում էր բացել «Դամլա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում: Մամուլի հրապարակումների համաձայն, այդ հարցը սկզբում առկախվել է, իսկ հետո համագործակցության հարցը վերջնականապես կասեցվել է:

Համաձայն լուրերի, «Կարֆուր»-ի ներկայացուցիչները ցանկացել են հանդիպել ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հարցը քննարկելու նպատակով, սակայն դա նրանց չի հաջողվել:

Ավելի վաղ «Հայկական ժամանակ» թերթը գրել էր, որ «Կարֆուրի» գործունեության արդյունքում հայաստանցի օլիգարխներից շատերը պարզապես կսնանկանային: Բացի դա, «Կարֆուրը» կդառնար ոչ միայն սննդամթերքի խոշորագույն ներկրողներից մեկը, այլև կարող էր զբաղվել արտահանմամբ: Մասնավորապես, նա կարող էր արտահանել Հայաստանում արտադրվող մրգի մի որոշ մաս՝ այլ երկրներում գտնվող իր հիպերմարկետներում վաճառելու համար: Սրանով ցանցը նույնպես մեծ վտանգ է ներկայացնում օլիգարխների համար:

Երեկ «Ժամանակ» թերթը գրել է, որ «Դալմա Մոլ»-ի սեփականատեր, ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը  կասեցրել է ֆրանսիական հայտնի «Կարֆուր» հիպերմարկետների ցանցի հետ պայմանագիրը։

Թերթի փոխանցմամբ՝ դա հիմնականում կատարվել է Հայաստան առաջին անհրաժեշտության ապրանքների ներկրող ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ջանքերի արդյունքում։