Home / Հայաստան / «Կարֆուր»-ի ղեկավարները չեն կարողանում հանդիպել ՀՀ նախագահի հետ. աղբյուր

«Կարֆուր»-ի ղեկավարները չեն կարողանում հանդիպել ՀՀ նախագահի հետ. աղբյուր

«Կարֆուր» հիպերմարկետների ֆրանսիական ցանցի բարձրաստիճան ներկայացուցիչներն արդեն տևական ժամանակ է, ինչ փորձում են հանդիպում ունենալ ՀՀ ամենաբարձր ղեկավարության հետ, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին:

Ըստ թերթի՝ դա, սակայն, նրանց ոչ մի կերպ չի հաջողվում:

««Կարֆուրի» ներկայացուցիչներին մերոնք «ցրում են»` ասելով, որ նախագահական ընտրություններ են, և թե Սերժ Սարգսյանը, թե Տիգրան Սարգսյանը խիստ զբաղված են: Սակայն, «Կարֆուրի» ներկայացուցիչների հետ հանդիպումները հնարավորինս ձգձգելը պայմանավորված է նրանով, որ այստեղ չեն կարող առայժմ պատասխանել նրանց հարցերին: Իսկ հարցերը վերաբերում են այդ հսկա ցանցի՝ Երևանում բացվելիք հիպերմարկետի հետագա ճակատագրին», – գրում է «ՀԺ»-ն:

Ավելի վաղ թերթը գրել էր, որ Երևանի «Դալմա Մոլ» առևտրի կենտրոնի սեփականատիրոջ և «Կարֆուրի» միջև դեռ նախորդ տարի պայմանավորվածություն էր ձեռք բերվել՝ 10 հազար քառակուսի մետր տարածքի վրա 2012 թվականի նոյեմբերին բացել «Կարֆուր» հիպերմարկետ: Սակայն հետո պարզվել էր, որ ֆրանսիական այս ցանցը ինքն է իր համար ներկրում ապրանքը և ինքն է որոշում, թե ինչ գնով պետք է այն վաճառի: Հաշվարկները ցույց էին տալիս, որ «Կարֆուրի» գործունեության արդյունքում հայաստանցի օլիգարխներից շատերը պարզապես կսնանկանան: Թերթը նշում է, որ դա տեղի կունենա այն պատճառով, որ «Կարֆուրի» առաջարկած տեսականիում լայն սպառման ապրանքների մի զգալի մասը ավելի էժան կլինի, քան ներկայումս մեր սուպերմարկետներում վաճառվող նույնանուն ապրանքները, իսկ որակի առումով ընդհանրապես համեմատության եզրեր չկան: Բացի դա, «Կարֆուրը» կդառնար ոչ միայն սննդամթերքի խոշորագույն ներկրողներից մեկը, այլև կարող էր զբաղվել արտահանմամբ: Մասնավորապես, նա կարող էր արտահանել Հայաստանում արտադրվող մրգի մի որոշ մաս՝ այլ երկրներում գտնվող իր հիպերմարկետներում վաճառելու համար: Սրանով ցանցը նույնպես մեծ վտանգ է ներկայացնում օլիգարխների համար:

««Կարֆուրում» բավական ժամանակ գլխի չեն ընկել, թե ինչու է տապալվել գործարքը: «Դալմա Մոլում» տեղ չստանալը նրանք սկզբում ընկալել են որպես տեխնիկական խնդիր և փորձեր են ձեռնարկել իրենց հիպերմարկետը բացել Երևանի խիտ բնակեցված արվարձաններից մեկում՝ Հարավ-արևմտյան թաղամասում, Ավանում կամ Նոր Նորքի զանգվածում: Միայն այն բանից հետո, երբ ամենուր հանդիպել են անանցանելի դժվարությունների, հասկացել են, որ գործ ունեն ՀՀ իշխանական վերնախավի ամենաբարձր օղակներում կայացված քաղաքական որոշման հետ: Ու միայն դրանից հետո որոշել են, որ հարցը պետք է քննարկվի հենց նույն՝ ՀՀ ամենաբարձր իշխանության հետ: Թե ինչպես կզարգանան իրադարձությունները, ցույց կտա ժամանակը: Պետք է նշել, սակայն, որ ՀՀ իշխանությունում ոչ բոլորն են, որ դեմ են «Կարֆուրի» հիպերմարկետի բացմանը Հայաստանում: Այնպես որ, «Կարֆուրի» հարցը շուտով, ամենայն հավանականությամբ, նախագահական ընտրություններից հետո կդառնա ներիշխանական լուրջ քննարկումների առարկա: Բացի դա, բացառված չէ, որ ՀՀ իշխանությունների վրա ճնշումներ բանեցվեն դրսից: «Կարֆուրի» մուտքը Հայաստան, առանց չափազանցության, կարող է լուրջ վերադասավորումներ առաջացնել օլիգարխիկ համակարգում», – գրում է «Հայկական ժամանակ»-ը: