Home / Հայաստան / Դատախազը հնչեցրեց մեղադրական ճառը. Տիգրան Առաքելյանի համար՝ 6 տարի

Դատախազը հնչեցրեց մեղադրական ճառը. Տիգրան Առաքելյանի համար՝ 6 տարի

Մեղադրող դատախազ Հակոբ Մարտիրոսյանն այսօր Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատարանում հնչեցրել է իր մեղադրական ճառը ՀԱԿ 4 ակտիիստների` Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գևորգյանի և Դավիթ Քիրամիջյանի գործով` նշելով, որ առաջադրված մեղադրանքները հիմնավորված են:

Դատախազը միջնորդել է Տիգրան Առաքելյանին մեղավոր ճանաչել քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3 մասի 1 և 2 կետերով (Խուլիգանությունը, որը 1) կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, 2) զուգորդվել է իշխանության ներկայացուցչին կամ հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող կամ հասարակական կարգի խախտումը խափանող անձին դիմադրություն ցույց տալով), ինչպես նաև 316-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետով (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կատարելը` 1. Իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ դա գործադրելու սպառնալիքը և 2. Սույն հոդվածի առաջին մասում նշված անձանց նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը՝ կապված նրանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ): Ընդհանուր առմամբ, դատախազը Առաքելյանի համար 6 տարի է պահանջել:

Հակոբ Մարտիրոսյանը միջնորդել է Արտակ Կարապետյանին մեղավոր ճանաչել 258-րդ հոդվածի 3 մասի 1 և 2 կետերով և 316-րդ հոդվածի 1-ին կետով և սահմանել 3 տարի 5 ամիս 19 օրվա ազատազրկում, քանի որ անցյալ տարի Արտակ Կարապետյանը 11 օր անցկացրել է անազատության մեջ և հետո ազատ արձակվել չբացակայելու ստորագրության դիմաց:

Կարապետյանի դեպքում մեղմացուցիչ հանգամանք է համարվել այն, որ նա ունի 1 անչափահաս երեխա:

Դատախազի կարծիքով` Սարգիս Գևորգյանը մեղավոր է 258 հոդվածի 3 մասի 1 և 2 կետերով և պետք է անազատության մեջ գտնվի 1 տարի 11 ամիս 20 օր (10 օրն անցկացրել է անազատության մեջ): Դավիթ Քիրամիջյանը մեղադրվել է նույն հոդվածով և դատախազը նրա համար պահանջել է 2 տարի պայմանական ազատազրկում:

Դատարանի դահլիճից դուրս գալուց Տիգրան Առաքելյանը հայտարարել է. «Հարգելի լրագրողներ, իմ մեղադրանքը տապալվել է, և ես հաջորդ դատական նիստին դա կապացուցեմ»:

Հաջորդ դատական նիստը կկայանա հուլիսի 19-ին, երբ մեղադրյալների փաստաբանները կհնչեցնեն իրենց պաշտպանական ճառը:

Հիշեցնենք, որ 2011 թվականի օգոստոսի 9-ին Կոնգրեսի 7 ակտիվիստներ բերման էին ենթարկվվել Երևանի Կարապի լճի հարակից տարածքում ոստիկանների հետ տեղի ունեցած վիճաբանության հետևանքով: Հաջորդ օրը ակտիվիստները ձերբակալվել էին, իսկ մի քանի օրվա ընթացքում նրանցից 6-ին` Սահակ Մուրադյանին, Դավիթ Քիրամիջյանին, Արտակ Կարապետյանին, Սարգիս, Արեգ և Վահագն Գևորգյաններին ազատ էին արձակել` երկրից չբացակայելու ստորագրության դիմաց: Անազատության մեջ է մնացել միայն Տիգրան Առաքելյանը, ով Արտակ Կարապետյանի հետ միասին մեղադրվում է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: Մյուս ակտիվիստներին մեղադրում են խուլիգանության մեջ:

ՀԱԿ-ի ակտիվիստները պնդում են, որ ոստիկաններն իրենց նկատմամբ բռնություն են գործադրել ինչպես Կարապի լճի մոտ, այնպես էլ ոստիկանական բաժնում: