Home / Հայաստան / «Փուչիկների գործով» մեղադրյալը վարկ է վերցնելու վիրահատվելու համար

«Փուչիկների գործով» մեղադրյալը վարկ է վերցնելու վիրահատվելու համար

Հանրապետության հրապարակում մայիսի 4-ին ՀՀԿ-ի համերգ-հանրահավաքի ժամանակ փուչիկների պայթյունի և հարյուրավոր երիտասարդների մարմնական վնասվածքների համար պատժի ենթարկված միակ «մեղավոր» Սերոբ Բոզոյանը առաջիկա օրերին պետք է Երևանի բանկերից մեկից 160 հազար դրամ վարկ վերցնի վիրահատվելու համար: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:

Բոզոյանը թերթի թղթակցի հետ զրույցում ասել է, որ քաղցկեղով հիվանդ է։ Նրա առողջական վիճակը շաբաթ օրը կտրուկ վատացել է, նա տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ իրեն ասել են, որ վիրահատության կարիք կա:

«Բժիշկներն ասեցին, որ նորից փոքր վիրահատություն պետք է անեն, պետք է էդ նոր խոցերը հեռացնեն, դրա համար 160 հազար դրամ ուզեցին», – պատմել է Բոզոյանը՝ հավելելով, որ բացի վարկից այլ ճանապարհով ինքը նման գումար չի կարող ճարել։

Նա հավելել է, որ եթե մինչ այժմ չէր կողմնորոշվում բողոքարկել դատավճիռը, թե ոչ, ապա այժմ հաստատ որոշել է բողոքարկել։

«Հիմա եթե էս վիճակով մտնեմ ընտեղ (մեկուսարան), էլ դուրս չեմ գա», – ասել է նա։

Բոզոյանը կկալանավորվի դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ նոյեմբերի 17-ին, իսկ այժմ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը չհեռանալու մասին ստորագրությունն է: